Կրթական և մարզական հաստատությունների կապիտալ նորոգման պետական ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության մայիսի 7-ի որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբաշխման արդյունքում շուրջ 743 մլն 769 հազար դրամ գումար է տրամադրվել Քաղաքաշինության կոմիտեին: Միջոցները նախատեսված են թվով 51 ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և նախագծային աշխատանքների համար:

Նորոգվող հաստատությունների ցանկում ընդգրկված է նաև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, որտեղ իրականացվելու են կառուցապատման ծավալուն աշխատանքներ: Հատկացված միջոցներից 176 մլն դրամը տրամադրվել է քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարելավել քոլեջի առաջնային նշանակության ենթակառուցվածքները, ապահովել սպորտային կրթության ժամանակակից չափանիշներին համապատասխան պայմաններ: Հանրակացարանային մասնաշենքի շինարարության ավարտը նախատեսվում է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Առաջին հարկում կգործեն գրադարանը, բուժկետը, քոլեջի թանգարանը, նախատեսվում է նաև ունենալ ամֆիթատրոն։ Մյուս չորս հարկերում կլինի 44 սենյակ՝ նախատեսված 150 մարզիկի համար։ Կառույցը լինելու է նոր լուծումներով և հագեցվածությամբ, արդիական կահավորմամբ միանգամայն տարբերվող շինություն։

Առաջիկայում նախատեսվում է նաև հիմնովին վերանորոգել ըմբշամարտի, ծանրամարտի և բռնցքամարտի դահլիճները, որով կամբողջացվի մարզահամալիրի արդիականացումը: