ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Ասիական զարգացման բանկը (ADB) կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության և հեռավար կրթության պայմաններում աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով սկսում է նոր դրամաշնորհային ծրագիր։

Հայաստանում գործող մասնագիտացված հասարակական կազմակերպություններին ուղղված դրամաշնորհային ծրագրի միջոցով կբացահայտվեն հեռավար կրթության պայմաններում աշակերտների, ուսուցիչների և ծնողների մոտ ի հայտ եկող հիմնական հոգեբանական խնդիրները, կձևավորվի այդ իրավիճակում սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման արդյունավետ գործիքակազմն ու մեթոդաբանությունը և կտրամադրվեն անհրաժեշտ աջակցության ծառայությունները:

Մասնավորապես, առաջնային են հատուկ ուղերձ-խորհուրդների մշակումը՝ ուղղված երեխաներին, ծնողներին, ուսուցիչներին, առցանց հոգեբանական աջակցության հարթակների և ռեսուրսների ձևավորվումը, երեխաների, ծնողների, ուսուցիչների հարցերին արձագանքելու, հոգեբանական աջակցություն տրամադրելու համար թեժ գծերի ստեղծումը կամ արդեն գործողների վերաձևավորումը:

Այս ծրագրի իրականացումը կօգնի նաև հզորացնել դպրոցական համակարգում հոգեբանական ծառայությունները՝ աշակերտներին և ծնողներին շարունակական աջակցություն ցուցաբերելու, կրթության կազմակերպման համատեքստում նախկին ռիթմը պահպանելու, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակով պայմանավորված սթրեսները նվազեցնելու նպատակով: Առաջնային է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և նրանց ծնողների հեռավար կրթության մեջ ընդգրկվածության բարձրացումը, որը փոխկապակցված է երեխայի կրթական կարիքով պայմանավորված հոգեբանական խնդիրների հաղթահարման հետ:

Նշենք, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանում կրթության ոլորտի զարգացման հիմնական գործընկերներից է և շարունակում է օժանդակել այն ոլորտներին, որոնք ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում ունեն գերակայություն: