ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել է ԵՄ Հորիզոն 2020 ծրագրին ասոցացված 14 երկրների ներկայացուցիչների տեսակոնֆերանսին` նվիրված COVID19 համավարակի խնդիրների շուրջ Հետազոտությունների և նորարարությունների ոլորտում ԵՄ և ասոցացված երկրների համագործակցությանը: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են հետազոտությունների և նորարարությունների ոլորտի այն միջոցառումները, որոնք իրականացվում են իրենց երկրներում COVID19 համավարակով ստեղծված խնդիրներին արձագանքելու նպատակով:
Սարգիս Հայոցյանը տեղեկացրել է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեություն ծավալող կազմակերպություններից ստացվել են մի շարք առաջարկություններ` ախտահանիչ սարքերի և նյութերի արտադրության, համավարակի դինամիկայի մոդելավորման, սոցիոլոգիական խնդիրների վերլուծության, ռապիդ-թեստերի մշակման, դեղանյութերի սկրինինգի, հարուցիչի մուտացման դինամիկայի, գյուղատնտեսության ոլորտում հետազոտությունների իրականացման վերաբերյալ: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության որոշմամբ մոտ 1 մլն եվրո հատկացում է արվել ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ՊՇՌ թեստերի արտադրությունը կազմակերպելու նպատակով:
Բոլոր երկրների ներկայացուցիչները և կազմակերպիչները նշել են, որ համավարակին առնչվող հետազոտությունների որակի գրավական կարող է հանդիսանալ ջանքերի մեկտեղումը և արդյունավետ միջազգային համագործակցությունը:
Այս նպատակով Եվրոպական Միության Հորիզոն 2020 ծրագրի շրջանակներում բացվել է Եվրոպական հետազոտական տարածքի Կորոնա պլատֆորմը (European Research Area Corona platform՝ https://ec.europa.eu/info/funding-tenders/opportunities/portal/screen/covid-19), որի միջոցով ԵՄ անդամ և ասոցացված պետությունների հետազոտողները և նորարարության ոլորտում գործունեություն ծավալողները կարող են դիմել դրամաշնորհային ծրագրերի։
Հանդիպման ժամանակ նշվել է նաև, որ ապրիլի 24-26-ը մեկնարկում է EUvsVIRUS հաքաթոնը /https://euvsvirus.org/, որին կարող են մասնակցել ԵՄ և ասոցացված երկրների նորարարական գործունեություն ծավալող անձիք, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։