ՀՀ կառավարության նիստում հաստատվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այս միջոցառման հաստատմամբ կառավարությունը կատարում է իր քաղաքական հանձնառությունն առ այն, որ որևէ լավ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով բուհից դուրս չի մնա: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ միջոցառումն ուղղված է շահառուների երեք հիմնական խմբի:

1.Ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում

Բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը` ՄՈԳ-ը, ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է 90 տոկոս և ավելի, կստանան 2019-2020 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում: Ընդ որում, եթե սովորողը մասնակի կամ ամբողջությամբ վճարել է 2019-2020 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, ապա վճարած գումարը վերադարձվում է ուսանողին` եթե վճարողը ֆիզիկական անձ է:

2.Ուսման վարձի 75 տոկոս փոխհատուցում

Բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ոչ ավարտական կուրսերի ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը` ՄՈԳ-ը, ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է 90 տոկոս և ավելի, կստանան ուսման վարձի 75 տոկոս փոխհատուցում:

Այն սովորողները, որոնք 2019-2020 թթ. ուսումնական տարում պետությունից արդեն ստացել են ուսման վարձի մասնակի փոխհատուցում, 14-րդ միջոցառման շրջանակում կստանան կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսը: Իսկ այն ուսանողները, որոնք արդեն մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, ապա այդ չափով կատարված վճարումը կհամարվի հաջորդ կիսամյակ(ներ)ի ուսման վարձի վճարում։

Եթե սովորողների 2019-2020 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը վճարել են հովանավոր կազմակերպությունները, ապա գումարի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են բուհերի և համապատասխան կազմակերպությունների միջև փոխադարձ համաձայնությամբ։

3. Ուսանողական վարկեր

Պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա վճարովի համակարգում սովորողները կստանան արտոնյալ, այդ թվում` անտոկոս ուսանողական վարկեր: Այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է առավելագույն արժեքի 80 և ավելի տոկոս, 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար ուսանողական վարկ կստանան 0 տոկոսով: Նրանց համար վարկի բանկային տոկոսադրույքն ամբողջությամբ կսուբսիդավորի պետությունը ։ Իսկ 80 տոկոսից ցածր ՄՈԳ ունեցողների համար նույն ժամանակահատվածում վարկերի տոկոսները պետությունը կփոխհատուցի 5 տոկոսով, արդյունքում ուսանողը վարկ կստանա 4 տոկոսով:

Նախկինում բարձր ՄՈԳ ունեցող սովորողները վարկ կարող էին ստանալ 6, իսկ մնացածները` 7 տոկոսով, քանի որ վարկային տոկոսների սուբսիդավորումը, համաձայն 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման կազմում էր բարձր ՄՈԳ ունեցողների համար համապատասխանաբար 3, մյուսների համար 2 տոկոս: Նոր տոկոսադրույքները կիրառելու ժամանակահատվածում, այսինքն` 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նախկին պայմանները չեն գործելու:

ԿԲ նախագահը ՀՀ վարչապետին զեկուցել է, որ պարզեցվել և հեշտացվել է նաև վարկերի տրամադրման գործընթացը: Ուսանողական վարկերի մայր գումարի վճարումը սկսվում է ուսումն ավարտելուց հետո` բարձր ՄՈԳ ունեցողների դեպքում ավարտելուց մեկ տարի անց: