Սիրելի՛ փոքրիկներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ,
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ webtv.am youtube-յան մշակութային հեռուստաալիքում ստեղծվել է #ԱմենԻնչՄուլտիՄասին նախագիծը:

Արդեն իսկ 14 լավագույն հայկական մուլտեր և անիմացիոն ֆիլմեր կարող եք դիտել մեկ հարթակում: Ամեն օր մուլտերի ու անիմացիոն ֆիլմերի ցանկը կհամալրվի:

Ձեզ կմիանան նաև այդ ֆիլմերը ստեղծողները և այլ ստեղծագործողներ՝ ռեժիսորներ, օպերատորներ, կինոգետներ ու կպատմեն շատ հետաքրքիր պատմություններ:

Առաջինը մուլտարվեստի մասին ձեզ կպատմի հայկական անիմացիայի լավագույն անուններից մեկը՝ ռեժիսոր, նկարիչ, անիմատոր Նաիրա Մուրադյանը: Դուք շատ հետաքրքիր տեղեկություններ կիմանաք այդ զարմանահրաշ արվեստի մասին: Նաիրա Մուրադյանը ստեղծել է բազմաթիվ մուլտեր, անիմացիոն ֆիլմեր: Այս հարթակում կարող եք դիտել նրա վերջին աշխատանքներից՝ «Ամանոր» և «Կիկո» հրաշալի գործերը:

Եվ ուրեմն՝ մնում եք տանը ու դասերից հետո վայելում հայկական մուլտերն ու անիմացիոն ֆիլմերը՝ հարստացնելով ձեր գիտելիքներն ու իմացությունը:

Հարթակին կարող եք միանալ հետևյալ հղումներով՝ https://bit.ly/2UvTP93, https://bit.ly/2vItqfX