Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել։ Լոնդոնի բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի մրցումային երրորդ օրը 52 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Կորյուն Սողոմոնյանը մենամարտել է Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանի հետ: Սողոմոնյանը հաղթել է և դուրս գալով 1/4 եզրափակիչ՝ ապահովել է իր տեղն Օլիմպիական խաղերում (այս քաշային կարգում օլիմպիական ուղեգիր են նվաճում 1/4 եզրափակիչ դուրս եկած բոլոր բռնցքամարտիկները)։

Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի պատճառով որոշել է մրցումային երրորդ օրվանից հետո դադարեցնել մրցաշարը, որին մասնակցում է 43 երկրի ավելի քան 300 բռնցքամարտիկ։ Նախնական տեղեկություններով՝ մրցաշարը կարող է շարունակվել մայիս-հունիսին։

Լոնդոնի վարկանիշային մրցաշարում պայքարն ավարտել են Արթուր Բազեյանը (57 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ)։ Գոռ Ներսիսյանը (81 կգ), Անի Հովսեփյանը (69 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) և Արման Դարչինյանը (75 կգ) հաղթել են իրենց մեկնարկային մենամարտերում, իսկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) դեռ չէին սկսել պայքարը։

Հավելենք, որ այս պահին Հայաստանն Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր ունի. ավելի վաղ Տոկիոյի խաղերի ուղեգրեր էին նվաճել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը: