Ամբողջ կյանքի գործը գործ չէ, այլ կյանք է

«Մասնագիտությունն ընտրում են սրտով, ոչ թե շրջապատի կարծիքը հաշվի առնելով կամ շահավետության սկզբունքից ելնելով: Սիրելի աշխատանքը միշտ և բոլոր տեսանկյուններից շահավետ է: Սիրում եմ կրկնել ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի խոսքը` մասնագիտությունը պետք է լինի սիրո գործողություն, բայց ոչ երբեք հաշվարկով ամուսնություն: Եվ քանի ուշ չէ մի մոռացեք, որ ամբողջ կյանքի գործը գործ չէ, այլ կյանք է»,- ասում է Անուշ Թորոսյանը, ով երեք տարի առաջ մի կողմ դնելով Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դիպլոմը, կապել է գոգնոցն ու սկսել խոհարարություն սովորել։

«Մանկուց խոհարար դառնալու լուսավոր երազանք ունեի։ Արդեն հասուն տարիքում հասկանալով, որ մտադրությունս դուր չի գալիս իմ ընտանիքին՝ երազանքս սկսեց խամրել, բայց, միևնույն է, հոգուս խորքում հույս ունեի, որ ինչ-որ մի օր ինչ-որ հրաշքով կսկսեմ զբաղվել երազածս գործով։ Հենց այդպես էլ եղավ` արդեն լեզվաբանի դիպլոմ և աշխատանք ունեի, երբ մի օր հյուր գնալիս աչքս ծակեց, որ հարևան դռանը խոհարարական դպրոցի ցուցափեղկ է․ մի քանի րոպե կանգնած նայում էի դռանը, հետո թակեցի․․․ Այդ պահից էլ սկսվեց իմ պատմությունը»,- պատմում է Անուշը։

Ձգտումը և աշխատանքը կօգնեն հասնել ցանկացած նպատակի

Շրջապատում լեզվաբան Անուշի՝ խոհարար դառնալու որոշումը միանշանակ չեն ընդունել, սակայն մանկության երազանքն ու սրտի թելադրանքն ավելի կարևոր էին. «Նոր մասնագիտությունն ինձ հեշտությամբ չտրվեց։ Հարազատներիս բացասական դիրքորոշումը և որոշումս չհասկանալը շատ էին բարդացնում դրությունս։ Եղավ մի պահ, երբ մտածում էի՝ միգուցե ճիշտ կլինի ամեն ինչ թողնել, սակայն կողքիս կանգնած քիչ, բայց ոգեշնչող մարդիկ օգնեցին չհեռանալ կես ճամփից։ Հավատալով ինքս ինձ ու երազանքիս՝ օրերով խոհանոցից դուրս չէի գալիս․ այնտեղ էի և՛ դասերի ժամանակ, և՛ տանը»։

Շատերը կարծում էին՝ խոհարարի կրթություն ստանալը զուտ հետաքրքրության հարց է, որը ժամանակի ընթացքում կանցնի, բայց Անուշը վճռական է եղել հենց երկրորդ մասնագիտությամբ աշխատելու հարցում: Գրասենյակային հանգիստ աշխատանքից անցումն աղմկոտ խոհանոց հեշտ չէր, գործընկերներն էլ թերահավատորեն էին նայում Անուշին՝ ինչպե՞ս է այս աղջնակը դիմանալու կաթսաների շխկոցներին, պատվերների արագությանը և վերջապես աշխատելու դանակներով։ Խոհարարության նկատմամբ իր անսահման սիրով Անուշն սկսեց կարծրատիպեր կոտրել, և հիմա գործընկերները դանակը ձեռքին Անուշից ոչ թե զգուշանում են, այլ հերթական համեղ նորությանն են սպասում, նա աշխատանքով ապացուցում է՝ խոհանոցը միայն տղամարդու տարածքը չէ։

«Արդեն երկու տարի է աշխատում եմ և շարունակում եմ սովորել: Վստահ եմ, որ միայն առաջ եմ գնալու։ Ես դեռ կատարելագործվելու շատ տեղ ունեմ, բայց ձգտումն ու աշխատանքը կօգնեն հասնել ցանկացած նպատակի։ Երբ հիշում եմ՝ ինչպես էին ասում, որ խոհարարությունն աղջկա գործ չէ և քիչ եմ վարձատրվելու, պարզապես ժպտում եմ»,- ասում է Անուշը:

Խոհարարությունն արվեստ է

Անուշը ցավում է, որ շատերը խոհարարությունն ընկալում են որպես ցածրակարգ մասնագիտություն: Ինքը նման պնդումներին պատասխանում է գործին որպես արվեստ վերաբերվելու սկզբունքով. «Ցավոք, մեր հասարակությունում շատերը խոհարարությունը համարում են ցածրակարգ մասնագիտություն, իսկ խոհարարին՝ կրթություն չունեցող մարդ, բայց դրանք շատ սխալ պատկերացումներ են: Ինձ համար խոհարարությունը նկարչության, երաժշտության նման արվեստ է, որը ևս պահանջում է տաղանդ, պրոֆեսիոնալիզմ, չափի զգացում, ոգեշնչում: Շարունակելու եմ ինձ նվիրել այդ արվեստի յուրացմանը»:

Մթերքն արագորեն կտրատելու, դրան նոր համ ու տեսք հաղորդելու կարճատև դադարներում Անուշի դեմքին երևացող գոհունակ ժպիտը հուշում է՝ նա ապրում է իր գործով. «Պետք է հավատալ երազանքներին։ Շնորհակալ եմ և՛ ինձ հավատացողներին, և՛ չհավատացողներին։ Նրանց շնորհիվ եկել եմ այն եզրահանգմանը, որ չնայած բոլոր կարծրատիպերին և խոչընդոտներին՝ պետք է ջանք չխնայել երազանքիդ հասնելու համար»,- եզրափակում է երջանիկ խոհարարը:

Պատրաստեց Գայանե Աբասյանը