Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի գլխավորած պատվիրակությունը, նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, փետրվարի 22-ից 24-ը առաջին անգամ ազգային միասնական տաղավարով մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլինի 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկային:

«Շատ կարևոր է, որ մենք հասկանանք՝ 21-րդ դարում գեղարվեստական զարգացումներն ինչ ուղղությամբ են ընթանում։ Եթե զարգացման ուղիները չձևակերպենք՝ առաջ չենք գնա։ Ներփակվել սեփական երկրի սահմաններում, այն էլ այնպիսի միջազգային ոլորտում, ինչպիսին կինեմատոգրաֆիան է, նշանակում է կանգնել փակուղու առաջ»,- ասել է նախարարի տեղակալը:

Հայկական պատվիրակության մասնակցությունը կարևորվում է հայ կինոյի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման, նոր գործընկերների ձեռքբերման առումով: Առաջին անգամ հանդես գալով ազգային տաղավարով՝ հայ կինոարտադրողները հնարավորություն են ունեցել կինոաշխարհի իրենց գործընկերների հետ քննարկելու համագործակցության նոր ծրագրեր:

Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի խոսքով՝ հայ կինոյի զարգացումն առանց միջազգային համագործակցության ընդլայնման, առանց նոր գործընկերների բացահայտման ու առանց միջազգային կինոշուկաների հետ հարաբերվելու, դժվար է պատկերացնել։ Ա.Խզմալյանը նաև արժևորել է Հայաստանի մասնակցությունը Բեռլինի կինոփառատոնին կից կինոշուկային՝ որպես միջազգային կինոարտադրության ասպարեզ մտնելու չափազանց կարևոր քայլ: