Փետրվարի 19-ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա և Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Թումանյան-Կոմիտաս-150» գեղարվեստական պատկերագրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին` նախարարը նշել է, որ մեկ միասնական պատկերագիրք ունենալու միտքը հղացել է անցյալ տարի, Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակի միջոցառումները նշելու օրերին։

«Գեղարվեստական այս ալբոմի հրատարակումը համահունչ է օրվա խորհրդին, նաև խորհրդանշական, քանի որ նրանում մեկտեղված են մեր երկու մեծերի կերպարները»,- նշել է Արայիկ Հարությունյանը և ներկաներին կոչ արել օրվա խորհրդի շրջանակում միմյանց պատկերագիրք նվիրել:

Նախարարը կատարված աշխատանքի համար առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հեղինակ-կազմող, Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարի բաժնի պատասխանատու Հայկուհի Սահակյանին: