Փետրվարի 19-ն Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ավելի քան տասը տարի այս օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին շնորհավորելու էին եկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լավագույն 13 ընթերցողները՝ 3-12-րդ դասարանի աշակերտներ:

Շնորհավորելով Ամենայն Հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի 151-ամյակի և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ նախարար Ա. Հարությունյանը նշել է, որ պետք է անել հնարավորինը՝ երեխաների շրջանում ընթերցանությունը խրախուսելու համար:

«Գիրք կարդալն արժեքային համակարգ է փոխում և ավելի հանդուրժող ու հարգալից դարձնում միմյանց նկատմամբ: Մեր հասարակության մեջ այդ արժեքները պետք է սերմանվեն հենց այս տարիքից, և դուք՝ որպես այդ արժեքները կրող դեսպաններ, պետք է դրանք տարածեք ձեր միջավայրում: Վստահ եմ, որ այս սերունդն ամբողջությամբ փոխելու է Հայաստանի Հանրապետությունը և ավելի լավ հասարակություն է ձևավորելու, իսկ գրքերը դրան շատ են օգնելու»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ ներկաներին խորհուրդ տալով ավելի շատ կարդալ:

Նախարարի խոսքով՝ տարիներ առաջ Լևոն Անանյանի «Գիրք նվիրելու» այս գեղեցիկ նախաձեռնությունն արդեն վերածվել է տոնի և տարեցտարի լայն տարածում է գտնում։ Օրվա խորհրդի համաձայն՝ նախարարը և երեխաները միմյանց գրքեր են նվիրել, զրուցել կարդացած գրքերի, սիրած հեղինակների, գրական ժանրային նախասիրությունների, էլեկտրոնային գրքերի, գրադարանների կարևորության և գրքին առնչվող այլ թեմաների շուրջ:

Ընթերցողների հետ հանդիպումից հետո, Արայիկ Հարությունյանը նախարարության աշխատակիցների հետ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի առջև՝ «Ընթերցողի» արձանի մոտ, անցորդներին նոր հրատարակված գրքեր է նվիրել և շնորհավորել տոնի կապակցությամբ:

Հաջորդիվ նախարարը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մասնակցել է արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսին, որին իրենց մանկապատանեկան գրական հավաքածուներով մասնակցել են հայկական մի շարք հրատարակչություններ և գրատներ: Նախարարը շրջել է գրադարանում, ծանոթացել անցկացվող միջոցառումներին, տոնավաճառում ներկայացված հայաստանյան գրական արտադրանքին, զրուցել հրատարակիչների հետ:

Այնուհետև, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հեքիաթի սրահում, «Հեքիաթի դեսպաններ» խորագրով ծրագրի շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը փոքրիկ ընթերցասերներին ներկայացրել է Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», որից հետո զրուցել է երեխաների հետ, հարցեր տվել, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին: Նախարարը այցելել է նաև գրադարանում անցած տարի բացված «Արաբական անկյունը», որտեղ ներկայացված է մանկապատանեկան արաբալեզու գրականություն:

«Այսօր գրքեր եմ նվիրել և շատ գրքեր նվեր ստացել՝ Հովհաննես Թումանյան, Հրանտ Մաթևոսյան, Էքզյուպերի, Սիլվա Կապուտիկյան, Մարկ Բլոկ, հայ, ռուս դասականների նոր հրատարակություններ: Մտերիմներիս դեռ չեմ հասցրել օրվա խորհուրդը փոխանցել, ինչը պատրաստվում եմ անել ավելի ուշ»,- լրագրողների հետ զրույցում նշել է նախարարը և հավելել, որ նմանատիպ ավանդույթները թույլ են տալիս, որպեսզի գրքի ու ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի մեծանա: