Կենսաթոշակառուներն, այսուհետ, հնարավորություն ունեն անվճար այցելելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումների, ինչպես նաև թանգարաններ:

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ստորագրել են հուշագիր, համաձայն որի կենսաթոշակառուներին (աշխատանքային՝ տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի, զինվորական` երկարամյա ծառայության, կերակրողին կորցնելու դեպքում) մշակութային օջախներ այցելելու նպատակով կտրամադրվեն անվճար տոմսեր:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է ծրագիրը՝ ընդգծելով, որ արվել է հնարավորը՝ առավելագույնս շատ խմբեր ծրագրում ներգրավելու համար: «Մինչ այժմ բյուջետային միջոցների հաշվին մենք իրականացրել ենք նման ծրագրեր, սակայն այժմ մեր մշակութային օջախները պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել կեսաթոշակառուներին: Այս առումով ևս մենք արել ենք առավելագույնը, որ լրացուցիչ բարդություններ չստեղծենք մեր հայրենակիցների համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ յուրաքանչյուր թատերական կազմակերպություն յուրաքանչյուր միջոցառման համար ինքն է որոշում անվճար տրամադրվող տոմսերի քանակը, որը կարող է տատանվել դահլիճի տեղերի 2,5-5 %-ի սահմաններում:

Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր կենսաթոշակառու տարին 3 անգամ կարող է այցելել իր նախընտրած յուրաքանչյուր թատերահամերգային կազմակերպություն, իսկ թանգարաններ՝ ամիսը 2 անգամ: «Մենք պարզեցրել ենք ընթացակարգերը. այսուհետ, տոմսեր ձեռքբերելու համար կենսաթոշակառուն կարիք չունի այցելել սոցիալական տարածքային ծառայություն, նա պարզապես կենսաթոշակառու լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթով և անձնագրով պետք է այցելի տվյալ մշակությին օջախ, որտեղ նրան կտրամադրեն անվճար տոմս»,-նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Բանախոսներն անդրադարձել են նաև մշակութային օջախների մատչելիության խնդրին: Նրանց խոսքով՝ այս ծրագիրը կարևոր նախաձեռնություն է ոչ միայն ֆինանսական մատչելության և հասանելիության իմաստով, այլ նաև նոր խթան կհանդիսանա, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մշակութային օջախները մատչելի դառնան նաև ֆիզիկական իմաստով: