«Սկսած աշակերտների տրամադրվածությունից, եղանակից, օրվա լուրերից՝ դասդ կարող է փոխվել, դասիդ ընթացքը մի փոքր պետք է առնչվի օրվա իրադարձությանը. օրինակները, զրույցները պետք է չլինեն կյանքից կտրված: Մեկ-մեկ պետք է երեխաների խելքին ընկնես, որ ավելի հեշտ ու հաճելի լինի»,- ուսուցչական իր հաջող փորձի գաղտնիքներն է ներկայացնում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արսեն Վարդանյանը։

Կարևորելով և իր գործում առաջնահերթ համարելով դասարանի հետ էմոցիոնալ կապի հաստատումը՝ նա դարձել է աշակերտների սիրելին՝ պարոն Վարդանյանը նրանց «լավագույն ընկեր Վարդանյանն է»: Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ հայոց լեզվի և գրականության երիտասարդ ուսուցիչը աշխատանքի առաջարկներ միշտ է ստանում, և նրա իսկ փորձով՝ ուսուցիչը ևս կարող է լավ վաստակել: «Վստահաբար կարող եմ ասել, որ ուսուցչի բարեկեցիկ կյանքի խորհրդային տարիների ընկալումն այսօր էլ կարող է արդիական համարվել: Իմ օրինակով ասեմ` ես ուսուցիչ եմ ու կարող եմ ինձ թույլ տալ ճաշել քաղաքի լավագույն ռեստորաններում, ընկերներիս հետ ժամանակ անցկացնել ժամանակակից փաբերում ու հագուստ ձեռք բերել բրենդային խանութներից։ Այնպես որ, ես վայելում եմ կյանքն իր բոլոր գույներով` դրանք նաև կրելով իմ մեջ ու փոխանցելով սաներիս».- ծիծաղելով պատմում է Ա. Վարդանյանը` ավելացնելով, որ ժամանակակից լինելով ավելի հեշտ է լեզու գտնում նոր սերնդի ներկայացուցիչների հետ:

Իր ոլորտում հաջողակ և մշտապես նորարարության ու մասնագիտական աճի ձգտող մանկավարժը կարծում է, որ ուսուցիչ լինելը բնատուր ձիրք է, ինչպես երգելը, պարելը, ասմունքելը. մարդ պետք է ունենա նաև ուսուցանելու շնորհ, իր իմացածը մյուսներին տալու ձիրք, ինչը պետք է կատարելագործի մասնագիտական զարգացմամբ ու անդադար աշխատանքով։ Դպրոցական կոլեկտիվում մեծ մասամբ կանայք են, և խոստովանում է՝ նրանց միջավայրում աշխատելը արդեն իսկ մեծ համարձակություն է։

Մասնագիտություն ընտրելիս Արսեն Վարդանյանը երկար չի մտածել, ինչպես ինքն է փաստում, հեռանկարային վերլուծություններ չի արել՝ որն է լավ, որը՝ վատ: Պարզապես գրի ու գրականության, ընթերցանության, կարդալու, սովորելու, մշտապես նոր բան իմանալու մղումները այլընտրանք չեն թողել: Թեև գրականությունը մնացել է նրա մասնագիտական տարերքը, այդուհանդերձ, ընտրել է լեզվաբանությունը:

«Լեզվաբանությունից անցնելով մանկավարժության՝ զգացի, որ այստեղ լուրջ անելիքներ ունեմ: Ինձ համար սա այն հարթակն էր, որտեղ ես կարող էի լինել նորարար: Բախտս բերել է ու աշխատել եմ, աշխատում եմ այնպիսի դպրոցներում, որտեղ մեծ փորձ եմ ձեռք բերել, որոնք մեծապես նպաստել են իմ մասնագիտական կայացմանը»,- պատմում է Արսենը:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչի առաջին փորձառությունը կայացել է «Շիրակացու ճեմարան» կրթահամալիրում: Այսօր նա աշխատում է միանգամից երեք խոշոր դպրոցում՝ որպես հրավիրված ուսուցիչ, մանկավարժական գործունեությանը զուգահեռ՝ Հանրային ռադիոյի «Արևիկ» ռադիոկայանում վարում է «Սովորում ենք սովորել» հաղորոդաշարը:

«Զարմանքով էին նայում ինձ, հավանաբար, մտածում էին՝ «այս ջահելն ով է»,-պատմում է Արսենը

«22 տարեկան էի, երբ առաջին անգամ դպրոց մտա: Հիշում եմ՝ երեխաները զարմանքով էին նայում. հավանաբար մտածում էին՝ «այս ջահելն ով է» (ծիծաղում է): Ինչպես հետագայում պարզվեց, նրանց թվացել էր, թե արտասահմանից հյուր եմ եկել. արտաքինս, հագուկապս էին ստիպել այդպես մտածել»,-պատմում է երիտասարդ ուսուցիչը: Տարիքի պատճառով սկզբնական շրջանում պարբերաբար զավեշտալի իրավիճակներ են եղել․ «Մի անգամ ինչ-որ կազմակերպությունից եկել էին հարցաթերթիկ լրացնելու, մտա դասարան, կազմակերպիչ կինն ասաց՝ տղա՛ ջան, նստի՛ր, դու էլ պետք է լրացնես: Կամ գնում էինք թանգարան, հարցնում էին՝ ձեզ հետ մեծահասակ չկա՞».-ծիծաղելով պատմում է բանասերը՝ կատակելով, որ այսօր աշակերտներից շատերն արդեն վերադառնում են բանակից, և շուտով «թոռները կծնվեն»։

«Առաջվա դասերս հիշելիս ծիծաղս գալիս է. ինձ թվում էր՝ հանճարեղ բաներ եմ անում, այնինչ պարզապես փորձեր էին, որ երբեմն ստացվում էին, իսկ երբեմն՝ ոչ: Հիմա կայուն ներքին ինքնավստահություն եմ զգում»,-խոստովանում է նա՝ հավելելով, որ այսօր իր աշակերտներն օլիմպիադաներում հաղթանակներ են տանում, կարգեր են ստանում։

Մանկավարժական գործունեությանը զուգահեռ ուսումնասիրելով կրթական ոլորտը՝ Ա․ Վարդանյանն արդեն մանկավարժներ է վերապատրաստում՝ վերջիններիս փորձառությանը ավելացնելով նաև իր նորարարական մոտեցումներն ու գաղափարները: «Եկե՛ք, սովորե՛ք, վերցրե՛ք, գնացե՛ք ձերը ավելացրեք. յուրաքանչյուր ուսուցիչ իր ոճը պետք է ունենա». սա է վերապատրաստումների թիրախային գաղափարը»,- եզրափակում է նա։