ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունվարի 7-ին, 60 տարեկանում մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը:
1977-1982 թվականներին Ռուբեն Տերտերյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում, 1982-1986 թվականներին՝ ԽՍՍՀ մշակույթի նախարարության Արվեստի գիտահետազոտական ինստիտուտում։
1982-1994 թվականներին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, 1983-1985 թվականներին եղել է ՀԽՍՀ Կոմպոզիտորների միության ավագ խորհրդատու։
1985-1988 թվականներին վարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենի պաշտոնը, 1989-1993 թվականներին՝ Հայհամերգին կից «Դերասան» համերգների կազմակերպչական կոոպերատիվի տնօրենի պաշտոնը, 1995-2000 թվականներին Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայ կենտրոնի թատերախմբում աշխատել է որպես երաժշտական ձևավորող, 2003-2010 թվականներին դասավանդել է Կուենկայի (Էկվադոր) համալսարանի արվեստի ֆակուլտետում։
2004-2008 թվականներին եղել է Կուենկայի համալսարանի երաժշտական բաժնի տնօրենը, 2008-2010 թվականներին՝ Կուենկայի համալսարանի երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն, 2009-2010 թվականներին՝ Էկվադորի կաթոլիկ համալսարանի Կիտո քաղաքի (Էկվադոր) երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն։
2011 թվականից եղել է Երևանի կոնսերվատորիայի պատմության և տեսության ամբիոնի դասախոս և պրոռեկտոր: Հեղինակել է ավելի քան 150 գիտական և հրապարակախոսական հոդվածներ, որոնք հրատարակվել են գիտական ժողովածուներում, ամսագրերում և թերթերում` Երևանում, Մոսկվայում, Բուենոս-Այրեսում, Կուենկայում, Կիտոյում (հայերեն, ռուսերեն, իսպաներեն, անգլերեն լեզուներով):
Ռուբեն Տերտերյանը հեղինակել է նաև ավելի քան 30 ռադիո և հեռուստահաղորդումներ: Հրատարակվել են նրա «Ավետ Տերտերյան» (1989 թ., ռուսերեն), «Երաժշտական դրամատուրգիա» (2007 թ., ռուսերեն), «Ավետ Տերտերյան. Երկխոսություններ» (2011 թ., ռուսերեն), «Խիստ ոճի կոնտրապունկտ» (2012 թ., իսպաներեն), «Կոնտրապունկտ. Ֆուգա» (2012 թ., իսպաներեն) աշխատությունները: