«Հունվարին, երբ դեռ հավաքներ էինք անցկացնում, Արսենին ասում էի. «Սպասիր, դու դեռ փոքր ես, քո տարիքային խումբը չի, եկել ես միանգամից ուզում ես Եվրոպայի չեմպիոն դառնալ: Համբերի՛ր, կմասնակցես մինչև 23 տարեկանների առաջնությանը, այնտեղ չեմպիոն կդառնաս, հետո կմտածենք մեծահասակների առաջնության մասին»,- պատմում է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը՝ ներկայացնելով 19-ամյա Արսեն Հարությունյանի՝ ապրիլին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում հաղթական ուղին:

Մարզչի խոսքերին ապագա չեմպիոնը հակադրվում է իր համառությամբ. «Չեմ ուզում 23 տարեկանների առաջնությունը, ինձ ուղարկեք Բուխարեստ մեծահասակների առաջնությանը, կգնամ ու չեմպիոն կդառնամ»: Արսենի կամքը և տքնաջան մարզումները տեսնելով` մարզիչը պայման է դրել. «Ասացի` տղամարդու խոսք ես տալի՞ս, որ չեմպիոն ես դառնալու: Պատասխանեց՝ այո: Այդպես մենք պայմանավորվեցինք, որ Արսենը պետք է չեմպիոն դառնա»:

Այս ուշագրավ պատմությունը շարունակվում է Բուխարեստում: 19-ամյա ըմբիշը, պայքարը որակավորման փուլից սկսելով, հաղթահարում է բազմափորձ մրցակիցների արգելքը, իսկ մարզիչին արդեն նոր հարց է հուզում. «Պայմանը պայման, բայց սպորտում ամեն ինչ անկանխատեսելի է: Երբ Արսենը հասավ կիսաեզրափակիչ, հարցրի՝ «Գոնե դրոշ ունե՞նք մեզ հետ: Մրցակիցը փորձառու ըմբիշ է, բայց, հնարավոր է, Արսենը եզրափակիչ հասնի, ու դրոշ անհրաժեշտ լինի»: Այդ ժամանակ Արսենը ժպիտով ասաց, որ անձամբ է վերցրել: Նա նույնիսկ այդ առումով էր պատրաստ առաջնությանը»,- պատմում է մարզիչը և ընդգծում, որ շարունակելու է վստահել երիտասարդ ըմբիշին:

Արսեն Հարությունյանի կամքն ու Հաբեթնակ Կուրղինյանի մասնագիտական հոտառությունը ի վերջո հանգեցրել են երկար սպասված չեմպիոնությանը. ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 6 տարվա դադարից հետո Եվրոպայի առաջնությունից վերադարձավ ոսկե մեդալով: Արսենից առաջ ազատոճայինների՝ Եվրոպայի առաջնությունում վերջին ոսկե մեդալը 2013 թ․ նվաճել էր Դավիթ Սաֆարյանը: Արսենը պատմում է, որ Բուխարեստում Բեկա Լոմտաձեի հետ եզրափակչից առաջ խորհրդակցել է փորձառու Սաֆարյանի հետ. «Դավիթ Սաֆարյանը խորհուրդներ էր տալիս, թե ինչպես ճիշտ կլինի գոտամարտել եզրափակչում։ Հենց նրա ասած սցենարով էլ գոտեմարտս ընթացավ: Կարծում եմ՝ Լոմտաձեն, իմանալով, որ ինձ հետ է գոտեմարտելու չեմպիոնության համար, ուրախացել էր: Շատ վստահ էր եզրափակչից առաջ, երևի մտածում էր՝ երեխա է էլի, ինչ կարող անել: Ես շատ շնորհակալ եմ բոլոր աջակիցներիս։ Ես ձեզանով եմ ուժեղ, միայնակ ոչնչի չէի հասնի: Ոչ ոք չէր մտածում, որ ես կարող եմ Եվրոպայի չեմպիոն դառնալ, բայց ինձ հաջողվեց: Հաղթանակից հետո բարձր գոռացի՝ մեծերի Եվրոպայի չեմպիոն: Չէի կարողանում թաքցնել հույզերս»:

Դիտարկմանը, որ Եվրոպայի առաջնության 3 գոտեմարտերի ընթացքում հետապնդողի դերում է եղել, բայց կարողացել է հաղթել՝ Արսենը ժպիտով պատասխանում է. «Պարզապես իմ ոճն է այդպիսին։ Որոշել էի առաջին 3 րոպեներին հոգնեցնել հակառակորդներին, իսկ երկրորդ մրցափուլում՝ հնարքներ կատարել և միավորներ վաստակել»: Առաջնությունն արդեն անցյալում է, Արսենը նոր նպատակներ ունի և իրեն չեմպիոն չի համարում. «Հենց ինձ չեմպիոն համարեմ, էլ ոչ մեկի չեմ կարողանա հաղթել»,- ասում է ըմբիշն ու հավելում. «Չեմպիոնությունից հետո կյանքումս առանձնապես մեծ փոփոխություններ չեն եղել: Պարզապես սկսել են ավելի շատ ճանաչել, ինչ գործ էլ, որ ուզում եմ անեմ, առաջ են գցում (ծիծաղում է - խմբ․)»:

Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Արսեն Հարությունյանը հաղթեց Վրաստանը ներկայացնող 27-ամյա Բեկա Լոմտաձեին: Գոտեմարտի մեկնարկային րոպեներին պարտվելով 0-8 հաշվով՝ հայ ըմբիշը կարողացավ ոչ միայն կրճատել միավորների տարբերությունը, այլև փայլուն հաղթանակի հասնել 17-11 հաշվով:

Արսենը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 14:8 հաշվով հաղթել էր ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին, քառորդ եզրափակչում հաղթահարել էր թուրք Ռեջեփ Թոփալի արգելքը՝ առավելության հասնելով 5:2 հաշվով, իսկ կիսաեզրափակչում 19-ամյա ըմբիշը դրամատիկ պայքարում 10:4 հաշվով հաղթել էր ռումինացի Նիկոլայ Օխլոպկովին: