«Բեռլինում, հիշում եմ, ծրագրի կոորդինատորը մի փոքր զարմացած էր իմ լաբորատոր հմտություններից. առաջին օրը սարքերը ցույց տալուց հետո այլևս ինձ չօգնեց, և ես իմ ուժերով ուսումնասիրեցի մոտավորապես 200 ԴՆԹ-ի նմուշ, գուցե ավելի շատ: Դրսում սովորելու ընթացքում երբեք չեմ ունեցել որևէ խնդիր, մասնագիտական թերացում, քանի որ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում լիարժեք ու բոլոր միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն եմ ստացել»,- ջերմ ժպիտով պատմում է Սոնա Գալստյանը՝ առանձնահատուկ հպարտությամբ պատմելով մայր բուհում ուսանած տարիների մասին։

«Հիշում եմ, երբ առաջին կուրսի մագիստրոս էի, Գիտությունների ազգային ակադեմիայից երիտասարդ մասնագետ էին փնտրում և ֆակուլտետից մեր ամբիոնի վարիչը ինձ էր առաջարկել։ Երբ ասաց, իհարկե չմերժեցի, բայց չէի ուրախացել: Ինձ թվում էր՝ գնալու եմ ուսումս ակադեմիայում շարունակելու։ Հիշում եմ, որ ամբողջ ճանապարհին լաց էի լինում: Ինչպես պարզվեց, ուղղակի գնում էի կես դրույքով աշխատելու»,-պատմում է նա:

Ավարտելուց հետո Սոնան ուսումը շարունակել է Բեռլինի բաց համալսարանում ու մասնագիտական վերապատրաստում անցել մի շարք քաղաքներում։ Այժմ աշխատում է պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայում։ Արյունաբանական կենտրոնում ախտորոշվում և բուժվում են արյան տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ։ «Չափազանց հետաքրքիր է թափանցել մարդկանց ոչ թե հոգու, այլ արյան խորքերը: Կենսաբանությունն էլ օրգանիզմի հոգեբանությունն է».- այսպես է բնորոշում իր սիրած մասնագիտությունը Սոնան՝ որ մասնագիտությամբ տարված հասցնում է աշխատել նաև ակադեմիկոս Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի մոլեկուլային կարգաբանության լաբորատորիայում։ Այն ստեղծել է գերմանական «Ֆոլկսվագեն» հիմնադրամը, և այժմ Անգլիայի հետ համատեղ համագործակցության շրջանակում մագիստրոսներն իրենց ավարտական աշխատանքները կատարում են ժամանակակից մեթոդներով։ «Ես հիմնականում օգնում և վերահսկում եմ ուսանողների աշխատանքը լաբորատորիայում։ Այս պահին, օրինակ, լաբորատորիայում վարդազգի բույսերից անջատում ենք ԴՆԹ և ՀՀ բնորոշ վարդազգի բույսերից, փորձում ստանալ ֆիլոգենետիկ ծառ՝ հասկանալու համար էվոլուցիոն կապը նրանց միջև»,- բացատրում է Սոնան:

Իր ամենասիրելի ձեռքբերումը Սոնան համարում է «Wildy Tisane / Ուայլդի Թիզան» ընկերության հիմնադրումը, որտեղ կիրառում է իր մասնագիտական գիտելիքները. «Դեռևս մանկուց մտածում էի այս ուղղությամբ և մի տարի առաջ ընկերուհուս հետ վերջապես գաղափարն իրականություն դարձրինք։ Հայկական լեռնաշխարհում կան ուրցի, մասուրի, դաղձի շատ տեսակներ, բայց մենք հետաքրքված ենք կոնկրետ այն տարբերակներով, որոնք ունեն թեյի մեջ նուրբ համ և կարմիր գրքային տեսակներ չեն: Բույսերը հավաքելիս մենք դրանք արմատախիլ չենք անում: Վաղվա օրվա մասին էլ պետք է մտածել, մենք առավելագույնս հոգատար ենք բնության նկատմամբ»,- պատմում է Սոնան եզրափակելով՝ իր մասնագիտությունը սիրող մարդը երբեք անգործ չի մնա: