Ինչպե՞ս ընտանեկան կյանքը համատեղել աշխատանքի հետ՝ չմոռանալով մասնագիտական նպատակները: Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան № 196 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Սոֆիկ Թորոսյանը գտել է բանաձևը, ավելին, օրեր առաջ ՖԻՖԱ-ից ստացել է կանանց միջազգային մրցավարի կոչում:

Սոֆիկ Թորոսյանը խաղացել է Հայաստանի կանանց մինչև 17, 19 տարեկանների և ազգային հավաքականներում, ծնկի վնասվածքից հետո՝ 2014 թվականից ֆուտբոլային կարիերային փոխարինելու է եկել մրցավարականը և աշխատանքը դպրոցում: Չնայած այժմ Սոֆիկը երեխայի խնամքի արձակուրդում է՝ ուսուցչուհու հաջողությամբ ոգևորված աշակերտները հասցրել են ուրախանալ լուրից և շնորհավորանքներ ուղարկել: Երիտասարդ ուսուցչուհին վստահ է՝ մասնագիտական նոր ձեռքբերումը խթան է ինչպես իր, այնպես էլ աշակերտների համար.

«Շատ եմ սիրում իմ աշխատանքը, երեխաներին, իսկ աշակերտների մեծամասնությունը սիրում է ֆիզկուլտուրան, խաղերը, մարզվելը, ինչո՞ւ ոչ գեղեցիկ կազմվածք ձեռք բերելը: Կարծում եմ՝ բոլորս պետք է մեծ ուշադրություն դարձնենք այս առարկային, որպեսզի երեխաներին տեսնենք բակերում խաղալիս, ոչ թե համակարգիչների առջև: Աշակերտներիս համար ոգևորիչ է իմ ներգրավվածությունը ֆուտբոլում, բոլոր դասերն անցնում են ուրախ մթնոլորտում, հաճախ կազմակերպում ենք հենց ֆուտբոլային խաղեր»,- ասում է Սոֆիկը, ով մասնագիտական զարգացման համար 2016 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է հանրակրթական դպրոցի փորձի փոխանակման ծրագրի:

№ 196 դպրոցի ուսուցչուհին միջազգային մրցավարի կոչումով չի բավարարվում: Ասում է՝ իրենից կախված ամեն ինչ անելու է և՛ մասնագիտական աճի, և՛ աշակերտների դասերն առավել արդյունավետ դարձնելու համար: Հունվարի 26-29-ը Սոֆիկ Թորոսյանը Մալյորկայում հանձնելու է անգլերեն (տեսական), ֆիզիկական պատրաստվածության քննություններ և վիդեոթեստ, որոնց արդյունքներով պետք է արդեն միջազգային խաղերի նշանակում ստանա: