Սիլվա Կապուտիկյանի ծննդյան տարեդարձի առիթով Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան պանթեոնում Սիլվա Կապուտիկյանի շիրմի մոտ տեղի է ունեցել հիշա­տակի խնկարկման արարողություն: Հիշատակի արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ԳԱԹ տնօրեն Կարո Վարդանյանը, տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, մշակույթի գործիչներ, արվեստագետներ, գրողներ և այլք: Ս. Կապուտիկյանի շիրմի մոտ Նաթան Սրբազանն աղոթք է հնչեցրել բանաստեղծուհու հիշատակին: Հիշատակի խոսք են ասել Արմենուհի Դեմիրճյանը, Կարո Վարդանյանը, «Սիլվա Կապուտիկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Թաթուլ Մանասերյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը և այլք:

Այնուհետև, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել բանաստեղծուհուն նվիրված հուշ-ցերեկույթ: Տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ թանգարանում կատարված վերանորոգման աշխատանքները և նոր ցուցադրությունը: Նրա խոսքով՝ տուն-թանգարանի գլխավոր ձեռքբերումը 160 քմ տարածքով ամբողջական վերանորոգումն էր, որն իրականացվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աջակցությամբ և մի շարք բարերարների ու անհատների նվիրատվություններով։ Մոսկվաբնակ հայերի օգնությամբ կառուցվել է Վանի նվիրական անկյունը, որտեղ ցուցադրվում են Ս. Կապուտիկյանի արմատներին վերաբերող եզակի մասունքներ։

«Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի սաները /ղեկավար` Նադյա Անտոնյան/, երգչուհի Լեյլա Սարիբեկյանը ներկայացրել են Ս. Կապուտիկյանի ստեղծագործությունները: Ներկաներն անդրադարձել են մեր ժամանակների մեծագույն բանաստեղծուհու գրական-հասարակական գործունեությանը, նրա բերած նորություններին:

«Սիլվա Կապուտիկյանին որպես պոետ մեկնաբանելու կամ վերարժևորելու կարիք չկա, որովհետև նա ապրում է իր պոեզիայով: Նա շատ սիրված է, նրա ստեղծագործություններն ապրում են»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: