ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքի կրթօջախներին, կրթամշակութային կենտրոններին և հայերենի ուսուցմամբ բոլոր տեսակի ուսումնական հաստատություններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագիրը 2020-2021 ուսումնական տարվա համար:
Ձեռքբերումն, մշակումն ու տրամադրումը (առանց առաքման կամ առաքումով) իրականացվելու են իրավասու անձանց և կառույցների պաշտոնական գրությունների հիման վրա:
2020-2021 ուսումնական տարվա համար ուսումնական գրականությունը, մեթոդական ձեռնարկները, ուսումնաօժանդակ և դիդակտիկ նյութերը 2020 թվականին ձեռքբերելու կամ մշակելու համար հայտեր անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2020թ. փետրվարի 1-ը: Այս հայտերը կարող են ներառել.

  • նախորդ տարիներին օգտագործված գրականության, նյութերի անվանումներ՝ նշելով անհրաժեշտ մոտավոր քանակը (հաշվի առնելով առկա քանակը և հաջորդ ուսումնական տարում սաների թվաքանակի ակնկալվող աճը կամ նվազումը),
  • Հայաստանում հրատարակված և դեռևս կրթօջախի կողմից չփորձարկված գրականության, նյութերի անվանումներ՝ անհրաժեշտ քանակի նշումով,
  • ուսումնական կարիքների բավարարելուն ուղղված ընդհանուր առաջարկներ, ցանկություններ:

2020թ. տրամադրման, ինչպես նաև հնարավոր առաքման հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ձեռքբերված ուսումնական գրականության և այլ ուսումնաօժանդակ նյութերի ցանկը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իր պաշտոնական՝ www.edu.am կայքէջում հրապարակելուց հետո՝ հրապարակման օրվանից մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր ամիսը:

Սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականության և այլ ուսումնաօժանդակ նյութերի ձեռքբերման, մշակման և տրամադրման պետական ամենամյա ծրագիրն առավել հիմնավոր և նպատակային դարձնելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնում է սփյուռքի կրթօջախների էլեկտրոնային գրանցման միասնական հարթակի ստեղծումը, որը հետագայում հնարավորություն կտա իրականացնելու սփյուռքի կրթօջախների քարտեզագրումը, ինչպես նաև Demo ձևաչափով ծանոթանալու Հայաստանում հրատարակված ուսումնական գրականության հետ:

Հայտերը կարող են փոխանցվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կամ ուղարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական էլեկտրոնային հետևյալ հասցեներով. info@edu.am կամ secretariat@edu.am

Բոլոր հարցերով կարելի է դիմել ՀՀ ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժին.
հեռ.` +374 10 58-13-91
էլ.փոստ` spyurq@yahoo.com կամ tamara.zalinyan@edu.am