Պատմությունս մի տղայի մասին է, որը նոր էր տեղափոխվել մեր դպրոց: Երեխայի մոտ ախտորոշված էր Մանկական ուղեղային կաթված՝ ուղեկցված լսողության և խոսքի ծանր խանգարումներով, կրում էր լսողական սարք: Կարելի է ասել, որ երեխայի մոտ խոսքն ընդհանրապես բացակայում էր, չէր տիրապետում ժեստերի լեզվին, հարցերին չէր պատասխանում, միայն ուսերն էր թափ տալիս: Երբ առաջին անգամ հանդիպեցի նրան, ծանոթացանք, իմ առաջ նպատակ դրեցի, որ պետք է աշխատել և հասնել արդյունքի:

Հաշվի առնելով երեխայի առանձնահատկություններն ու հետաքրքրությունները՝ որոշեցի անցնել տարբեր խաղային մեթոդներով ուսուցման եղանակին: Սկզբում սովորեցինք բարևել միմյանց և աստիճանաբար սկսեցինք սովորել գույները տարբեր ուսուցողական քարտերի միջոցով, հետո երկրաչափական և առարկայական պատկերները, կենդանիների, մրգերի և բանջարեղենների անունները, զարգացրինք մաթեմատիկական կարողությունները, սովորեցինք հաշվել, համեմատել թվերը, գումարել և հանել: Երբ երեխան ինձ տեսնում էր, ժպտում էր, բարևում, նույնիսկ երբեմն առաջարկում էր՝ փակեմ աչքերս, որ խաղ խաղանք: Խաղերի շնորհիվ գնալով զարգացավ երեխայի հիշողությունն ու ուշադրությունը:

Մեր ջանքերի ու աշխատանքների արդյունքում հասանք նրան, որ երեխան արդեն մասնակցում էր դասարանական աշխատանքներին և կատարում իրեն տրված հանձնարարությունները՝ իր կարողություններին համապատասխան: Իսկ հիմա այդ երեխան արդեն հաճախում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Երբ ունես նպատակ և ցանկություն, խոչընդոտները անզոր են քո դեմ: