Մարդ, որի շնորհիվ բացահայտեցի մի նոր աշխարհ...
2014-2015 ուսումնական տարվա սաներիցս էր: Մայրիկների, տատիկների ու մյուս հյուրերի հետ առաջին օրը որպես տոն անցկացրինք։ Առավոտյան կազմ ու պատրաստ բոլորը եկան. դիմավորեցի, լացկաններիս հետ լաց եղա, աստիճանաբար լացը ծիծաղ դարձավ: Մի փոքր ուշ եկավ սաներից մեկը, որը միանգամից մտավ սիրտս։ Նա շատ լարված էր ու մայրիկից պոկվել չէր ուզում։ Մայրիկին առաջարկեցի մնալ։ Շրջան կազմեցինք, որ խաղով ծանոթանանք։
Այդ տարբերակով շատ հարմար է՝ խաղային իրավիճակներում բոլոր բացասական լիցքերը չեզոքանում են։ Խաղի ընթացքում բացահայտեցի, որ տղան չի խոսում։ Նման փորձության դեռ չէի հանդիպել։ Մայրն ասաց, որ երեխան ոչ մի տեղ առանց իրեն չի մնում։ Պատկերացրեք՝ լեզու գտանք ու սիրեցինք իրար։ Աստիճանաբար նրա ցույց տված ցանկացած բան հասկանում էի՝ անգամ դեմքի արտահայտությունը ու փոխանցում ընկերներին։ Պակաս ուշիմ էլ ընկերները չէին։ Որոշ ժամանակ հետո իմ «թարգմանություններն» էլ իրենց պետք չէր։ Ընթացքում մենք նաև սովորում էինք։ Աշխատում էինք գունավոր նկարներով` հիմնականում կենդանիների։ Կենդանիների հետ աշխատելիս շատ սիրով էր մասնակցում։ Հնչեցնում էինք տվյալ կենդանու անվան մեջ եղած բոլոր հնչյունները, աստիճանաբար նաև հնչունախմբերն ու վանկերը։ Նրա արտաբերած առաջին բառը եղել է ՆԱՊԱՍՏԱԿ։

Մեզ համար արդեն սովորական մի օր տղաս դուռն իր ձեռքով բացեց ու մայրիկին դուրս հրավիրեց։ Մարդը պատրաստ էր ինքնուրույն կյանքի։ Աստիճանաբար նրա անկանոն ձայները դարձան կոնկրետ հնչյուններ, ապա վանկեր ու բառեր։ Անգամ ասում էր, որ սիրում է ընկեր Աբինեին (ինձ այդպես էր կանչում)։ Ավարտվեց ուսումնական տարին, ու հրաշքս պետք է գնար դպրոց։ Տեղեկացա, որ իմ բալիկը պետք է հաճախի հատուկ դպրոց: Դիմեցի տնօրենին, որ հնարավորություն տա տղան ևս մեկ տարի ինձ մոտ մնա, քանի որ լուրջ առաջընթաց շարժ կար։ Ստացա թույլտվությունը։

Մեկ տարի անց հստակ էր. երեխան կարող է սովորել հանրակրթական դպրոցում իր հասակակիցների հետ։ Պարզվեց, որ մոտակայքում կա ներառական կրթություն իրականացնող դպրոց։ Ծնողները սիրով ընդունեցին առաջարկս։ Տղաս այժմ հաճախում է հանրակրթական դպրոց։
Մարդուն պետք է ընդունել այնպիսին ինչպիսին կա։ Հարգել, գնահատել ու ընդունել բոլորի իրավունքները։ Սեր տվեք, որ սեր առնեք։