«Առաջին հայացքից հեռու, բայց իրականում մեր կողքին ապրող արևներին լսել է պետք.... Տարբեր առիթներով լսել էի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին, բայց երբևէ չէի մտածել, թե որքան դժվար և միևնույն ժամանակ հեշտ է նրանց հետ աշխատելը: Պարզապես պետք էր նրանց հետ մի դիրքում լինել, որ ընդունելի լինես նրանց: Դպրոցում այդ հարցով դիտարկողներ էին եկել: Մտա իմ սովորական դասն արեցի, բայց սպասում էի, որ ահա կմտնեն ներս: Իմ դասն ավարտվեց, ոչ ոք չեկավ, բարձրացա ուսուցչանոց և ինձ ասացին՝ բացակայող ուսուցիչ կա, պետք է փոխարինեմ: Ու նորից գնացի հրաշքներիս մոտ՝ մոռացած բոլոր «ստուգողների» մասին: Ու սկսեցի դասը, խաղային մեթոդով նախորդ դասն ամրապնդեցինք և գրատախտակի մոտ կանչեցի մի քանի աշակերտի, նրանց մեջ էին նաև իմ երկու չքնաղները:

Նրանց բառեր էի թելադրում, երբ ներս եկան նրանք՝ մոտ ութ հոգի, իսկ ես ու երեխաները սկզբում նրանց չէինք նկատել, քանի որ հակառակ դիրքով էինք կանգնած: Մի պահ պտտվեցի, փոխտնօրենն ու մասնագետները նրանց երևի արդեն ասել էին, որ ահա այս երեխաներն են: Ինձ հասկացրին, որ նույն դիրքով շարունակեմ դասը, որպեսզի երեխաներն իրենց չնկատեն: Ես թելադրում էի, աշակերտները՝ գրում, հետո իրար ուղղում, ոգևորում, խաղ անում: Տղա ու աղջիկ էին, աղջիկն իրեն հատուկ խորամանկությամբ նույնիսկ գնահատական էր դնում: Երևի այդ օրը հենց այս երեխաներն ինձ ստիպեցին ավելի ուժեղ լինել, ավելի հավատալ իրենց ու առաջ գնալ: Սակայն ամենահետաքրքիրն այն էր, որ այդ օրը ես խոսել էի նաև Պ. Սևակի մասին, ու երեխաների մոտ նա տպավորվել էր հենց իմ ներկայացրած բառերով՝ «կարգին գրող է, գեղեցիկ գործեր ունի»: Ու հաջորդ օրը զանգ եմ ստանում դպրոցի հոգեբանի կողմից.
-Ես որ քեզ տեսնեմ, գիտես ինչքան շնորհակալ եմ լինելու, որ մեր հրաշքը չսպասեց Սևակի մասին պատմեմ, ու ներկայացրեց նրան, իսկ ես զգացի, որ դա քո բառերով է, ուրեմն կարողացել ենք ազդել նրա ներաշխարհի վրա, և տպավորվել է:
Պետք չէ վախենալ, պետք է միայն հավատալ երեխային ու քայլ անել, չանտեսել նրանց, լուռ ու ցրված հայացքի տակ այնքան արև ու լույս կա, որ կարող է մի ամբողջ կյանք ջերմացնել»: