11 մեդալ Եվրոպական խաղերից և 11 հարց մեր մարզիկներին

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյան. երկրորդ Եվրոպական երկրորդ խաղերում նվաճել է բրոնզե մեդալ (60 կգ քաշային կարգ):

- Ո՞րն էր առաջին միտքը, որ ծագեց, երբ հասկացաք՝ հաղթել եք:

- Վերջապես հասա նպատակիս և կարողացա մեդալ նվաճել ու պայքարել չեմպիոնության համար:

- Ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ բարձրացվեց հայկական եռագույնը:

- Ափսոսանք, որ եռագույնն առաջին տեղում չէր, և մեր օրհներգն առաջինը չհնչեց… Ձեռքիս կոտրվածքն ինձ խանգարեց:

- Դժվա՞ր է մեդալակիր լինել:

- Ցավոտ է, երբ հասկանում ես, որ կարող էիր չեմպիոն լինել:

- Ամենապատասխանատու պահը Ձեր սպորտային կարիերայում:

- Երկրի դրոշը պատվով ներկայացնելը:

- Հաջորդ բարձունքը, որը կցանկանաք նվաճել:

- Շուտով աշխարհի առաջնությունն է. կիսատ թողած գործս ամեն գնով փորձելու եմ ավարտել:

- Կաևորագույն հատկանիշը՝ չեմպիոն դառնալու ճանապարհին:

- Հավատալ ինքդ քեզ: Մեր ֆեդերացիայի նախագահ պարոն Հովսեփյանն է միշտ ասում` ամեն ինչ այնքան դժվար չէ, որքան պատկերացնում ենք:

- Որևէ մեկին նվիրո՞ւմ եք Ձեր հաղթանակը:

- Նվիրում եմ դեռ չծնված բալիկիս:

- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:

- Ինձ հավատացող մարդիկ, նաև չհավատացողները, որոնց պետք էր ապացուցել, որ սխալվում էին:

- Ի՞նչ կցանկանաք ասել պատանի մարզիկներին, որոնք դեռ բարձունքներ նվաճելու ճանապարհին են:

- Երբեք հետ չկանգնել նպատակներից, ամեն նվաճում իր ժամանակն ունի և այդ ժամանակն անպայման գալու է, եթե մինչև վերջ պայքարեն:

- Ի՞նչ կցանկանաք ասել մարզասերներին, որոնք այս ընթացքում հետևում էին Ձեր հաղթական ճանապարհին:

- Շատ շնորհակալ եմ երկրպագելու համար, ես դրանից ավելի եմ ոգևորվում:

- Ո՞ւմ կուզեիք շնորհակալություն հայտնել:

- Բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին, որն աջակցեց ինձ, որ շարունակեմ մարզվել: Շնորհակալ եմ նաև իմ անձնական մարզիչ Արման Հարությունյանին, հավաքականի բոլոր տղաներին և մարզիչներին` Ռաֆայել Մարաբյանին, Ռոբերտ Պետրոսյանին: