Մշակութային կրթությունն արվեստի և մշակույթի բնագավառներում գիտելիքների և հմտությունների յուրացման համակարգված գործընթաց է, ինչպես նաև անհատի կողմից իր ժողովրդի և մարդկության գեղարվեստական մշակույթի յուրացման, անհատականության ձևավորման, նրա հոգևոր, մտավոր և հուզական հարստության ձևավորման կարևորագույն ոլորտ:
Ժամանակակից Հայաստանում մշակութային կրթությունը ներառում է գործառույթների լայն շրջանակներ, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կրթության և ստեղծագործական անհատականության դաստիարակության բնագավառներում, այլև մեծ դերակատարություն՝ հասարակության մեջ երեխայի ներդաշնակ զարգացման համար:
ՀՀ-ում գործում է մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության կրթական ծրագրերի ուսուցման արդյունավետ համակարգ՝ ազգային և համաշխարհային հոգևոր-մշակութային արժեքների ճանաչման, տարածման և ուսուցման գործընթացների համալիր կազմակերպմամբ՝ անհատի ընդհանուր գեղագիտական դաստիարակության, ստեղծագործական և մասնագիտական կարողությունների ու հմտությունների ձևավորման և զարգացման նպատակով համապատասխան ծրագրեր իրականացնող տարատեսակ ուսումնական հաստատություններում (երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ և այլն):
Մշակութային կրթության քաղաքականությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման «4.9 «Մշակույթ» բաժին «Մշակութային կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններ» դրույթներին համապատասխան:
Մշակութային կրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական նպատակներն են՝
- Ոլորտի պետական մշակութային քաղաքականության մշակում և իրականացում,
- Գեղագիտական ճաշակի ձևավորում ու զարգացում,
- Մշակութային կրթության որակի և մատչելիության ապահովում,
- Մտավոր, կրթական, մշակութային, ժամանցային միջավայրերի ձևավորում,
- Ներառականության խթանում,
- Ոլորտի համաչափ զարգացում՝ այդ թվում մարզային մշակութային կյանքի զարգացում, Երևան-մարզ կապի խթանում,
- Հայաստանի Հանրապետության ապագա քաղաքացիների ձևավորմանը նպաստող արժեքահենք և մշակութահենք նպատակային ծրագրերի իրականացում,
- Շնորհալի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտում և այդ ներուժի լիարժեք գործադրման ապահովում,
- Ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործում,
- Մշակութային և գեղագիտական դաստիարակության ապահովում,
- Պատանի և երիտասարդ ստեղծագործողների գործունեության խթանում՝ դեբյուտային ծրագրերի իրականացմամբ,
- Մշակութահեն հասարակության ձևավորմանը նպաստող պայմանների ստեղծում
- Խոցելի խմբերի երեխաների ներգրավում հասարակություն՝ մշակութային կրթության ոլորտում նպատակային նախագծերի իրականացմամբ:
ՀՀ պետական բյուջեից ստացվող հատկացումներն ուղղվում են հետևյալ ծրագրերին`
- 1198. Մշակութային և գեղագիտական դաստիարակության ծրագիր,
- 1168. Արվեստների ծրագիր,
- 1148. Արտադպրոցական դաստիարակություն ծրագիր:
Նախարարության աջակցությամբ իրականացվում են մի շարք նպատակային ծրագրեր, մասնավորապես.
- «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագիրն իրականացվում է 2008 թվականից և ոլորտի մասնագետների կողմից գնահատվել է որպես բարձր արդյունավետություն ունեցող ծրագիր: Ծրագրով նախատեսված միջոցները տրամադրվում են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար առարկայական ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների, ժողովածուների մշակման և հրատարակման համար: Հրատարակված ձեռնարկներն անվճար բաշխվում են Հայաստանի Հանրապետության մշակութային կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններին:
- «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագիրն ուղղված է պետական աջակցության ներքո մշտապես գործող երաժշտական գործիքների հավաքածուի ստեղծմանն ու շարունակական համալրմանը: Ծրագրի հատկացումներով ձեռքբերված երաժշտական գործիքները տրամադրվում են ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին:
- «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագիրը յուրաքանչյուր տարի ապահովում է հանրապետության շուրջ 146 երաժշտական և արվեստի դպրոցի սովորողի ուսման վարձավճարների փոխհատուցումը:
- «Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցներն ուղղվում են ոլորտի առաջատար մասնագետների միջոցով հանրապետությունում գործող շուրջ 200 երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում սովորող աշակերտների և դասավանդող մանկավարժների ուսումնամեթոդական և գործնական աջակցության կազմակերպմանը:
- «Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և կատարելագործմանը» ծրագիրը նպատակ ունի բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում: Ծրագիրը ներառում է միջոցառումների համալիր շարք, որի իրականացումը նպաստում է միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանն ու դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ձևավորմանը:
- Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» կրթական նպատակային ծրագիրը, որի նպատակն է մշակութային կրթության, ավելի լայն առումով, արտադպրոցական դաստիարակության ոլորտի շարունակական զարգացումն է, ոլորտի գրավչության մեծացումը, համատեղ ստեղծագործական աշխատանքի, գործնական հմտությունների ձեռքբերման, ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման, փորձի փոխանակման հարթակների ձևավորումն ու դրանց գործունեության միջոցով ոլորտի համաչափ, ներդաշնակ և հավասարաչափ զարգացման ապահովումը: Ծրագրի շրջանակում ընտրված երևանյան և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների միջև շարունակվեցին ստեղծագործական, փորձի փոխանակման, համատեղ համերգային ծրագրերի իրականացման, ուսումնամեթոդական աջակցության գործող և մշտառկա կապերի ստեղծման և ամրապնդման գործընթացները, որն իրականացվեց փոխադարձ այցելությունների, վարպետության դասերի, համատեղ համերգային ծրագրերի կազմակերպմամբ:
- «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, որի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչի բացը, մեծացնել հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ, խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումը: «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը հանդիպում-դասախոսությունների շարք է։ Այն հնարավորություն է տալիս աշակերտներին ծանոթանալ ժամանակակից արվեստագետներին, լսել նրանց դասախոսությունները, խորհուրդներ և ուղղորդումներ ստանալ ոլորտի լավագույն մասնագետներից, ինչպես նաև բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, քաղաքացիական գիտակցությունը: Տարվա ընթացքում նախատեսվում է ունենալ հանդիպումներ տարբեր բնագավառներ ներկայացնող 50 արվեստագետի հետ։ Հանդիպումները տեղի կունենան Երևանում և ՀՀ մարզային քաղաքներում։
Դրամաշնորհային ծրագրերի շրջանակում, մշակույթի տարբեր ոլորտներում, նախարարության աջակցությամբ Երևանում և ՀՀ մարզերում իրականացվում են բազմաթիվ միջազգային և հանրապետական մանկապատանեկան մրցույթներ, փառատոներ, համատեղ համերգներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ:
Ոլորտում իրականացվում են նաև մանկապատանեկան ներառական ստեղծագործական միջոցառումներ և նախագծեր ուղղված մշակութային կյանքում խոցելի խմբերի լիարժեք ընդգրկմանը, նրանց ստեղծագործական հետագա զարգացման և առաջխաղացման պայմանների ապահովմանը, ինքնադրսևորման հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը:
Նախարարության աջակցությամբ շնորհալի պատանի անհատ կատարողները մասնակցում են արտերկրում անցկացվող մանկապատանեկան միջազգային մրցույթների, փառատոների և վարպետության դասերի:
Իրականացվում են վարպետության դասեր արտերկրից հրավիրված առաջատար մանկավարժ-մասնագետների միջոցով, իսկ ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետների միջոցով կազմակերպվում են ուսումնամեթոդական օգնություն մարզերում գործող երաժշտական, արվեստի և պարարվեստի դպրոցներում:
Պարբերաբար համալրվում են ոլորտին առնչվող տեղեկատվական շտեմարանները:
Մշակութային կրթության խթանմանը նպաստող հանրապետական և միջազգային միջոցառումներ իրականացնելիս նախարարությունը համագործակցում է ոլորտում գործող պետական, համայնքային, հասարակական կազմակերպությունների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների, ստեղծագործական միությունների, ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների և այլ կազմակերպությունների հետ: