Պարարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականության իրականացմամբ պայմանավորվում են հայ պարարվեստի առանձնահատկությունները, հաստատվում են չափանիշներ ազգային ինքնագիտակցության մեջ, կարևորվում է այլ մշակույթների համատեքստում հայ մշակույթը՝ մասնավորապես հայկական պարը ներկայացնելու դերը, ինչը միշտ վերապահված է եղել մշակույթի ազգային-ավանդական շերտերին:
Նախարարության տարեկան և միջնաժամկետ ծախսային ծրագրերով աջակցություն է ցուցաբերվում ժողովրդական երաժշտության և պարի տեսակների զարգացմանը, արտիստների և խմբերի՝ միջազգային մրցույթների և փառատոների մասնակցությանը, ձեռք են բերվում նոր տարազներ և ժողովրդական գործիքներ, մշակվում և իրականացվում են պետական աջակցության դրամաշնորհային ծրագրեր։
Նախարարությունն իրականացնում է ազգային երաժշտարվեստի և պարարվեստի ավանդույթների պահպանմանը, պարարվեստի ժանրերի զարգացմանը խթանելուն, նոր պարային բեմադրություններ իրականացնելուն ուղղված ծրագրեր։
Պարարվեստի ոլորտում շահառուներ են հանդիսանում ՀՀ քաղաքացիները, մասնագիտական ոլորտի ներկայացուցիչները:
Պարարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական նպատակներն են՝
• դասական, ժամանակակից բալետային ներկայացումների, ազգագրական, ժողովրդական պարերի նոր բեմադրությունների իրականացումը,
• աջակցությունը պարարվեստի ոլորտում գործող կազմակերպությունների գործունեությանը,
• հայ պարարվեստի ներկայացումը միջազգային հանրությանը,
• հայ պարարվեստի մրցունակության ապահովումը,
• ոլորտում բնականոն սերնդափոխության նախադրյալների ձևավորումը,
• Հայաստանի Հանրապետությունում գործող ստեղծագործական խմբերի, ստեղծագործող անհատների և միջազգային մշակութային կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդումը,
• ստեղծագործական պատվերով համերգային ծրագրերի իրականացումը,
• ազգային երաժշտարվեստի և պարարվեստի միջազգայնացումը և հանրահռչակումը,
• երիտասարդ պարողների մրցունակության, ստեղծագործական գործունեության համար նպաստավոր պայմանների ապահովումը,
• միջազգային մրցույթների և փառատոների մասնակցության աջակցմամբ պարային խմբերի խրախուսումը,
• պարարվեստի պահպանման, զարգացման, տարածման և հանրահռչակման, նոր ծրագրերի, գաղափարների, ստեղծարար նախաձեռնությունների ապահովումը:
Ոլորտի հիմնական ձեռքբերումներն են՝
• Ժողովրդական երաժշտարվեստի և պարարվեստի ոլորտում առկա խնդիրների վերլուծության և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
• դասական և տարբեր ժողովուրդների պարային տարրերի օգտագործմամբ, դրանց մշակմամբ և նոր արտահայտչամիջոցների կիրառմամբ պարարվեստի շարունակական զարգացման ապահովումը,
• հայկական ազգային երգի և պարի հանրայնացումը,
• պարարվեստի ոլորտում միջազգային փորձի յուրացումը, Հայաստանի քաղաքացիների մշակութային կյանքի կազմակերպումը
• համայնքներում՝ մասնավորաբար սահմանամերձ համայնքներում (Գեղարքունիք, Տավուշ, Սյունիք) մշակութային կյանքի ակտիվացումը
• գեղագիտական դաստիարակության դերի բարձրացումը
• հայ մշակույթի միջազգայնացումը
• համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների հետ համագործակցության հաստատումը
• դրամաշնորհային ծրագրերի միջոցով իրականացվում են ոչ միայն արդեն ավանդույթ դարձած միջազգային և հանրապետական մրցույթներ, փառատոներ և երաժշտական նախագծեր, այլև խրախուսվում են նորարարական նախագծերը, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվում դեբյուտային և երիտասարդական ծրագրերին,
• աջակցություն է ցուցաբերվում արտերկրում տարբեր միջազգային նախագծերին պարող անհատների և խմբերի մասնակցությանը,
• նոր տարազների, զգեստերի գնման միջոցով համալրվում է ստեղծագործական խմբերի հանդերձանքը,
• մշակութային կազմակերպությունների բնականոն ստեղծագործական գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով բեմական հարթակներ են տրամադրվում բազմաթիվ նախագծերի իրականացման համար:
Պարարվեստի ոլորտում գործում է մեկ՝ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը ստեղծվել է 2022 թ. սեպտեմբերի 16-ի ՀՀ կառավարության N 1429-Ն որոշմամբ՝ «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն պետական համույթ» և «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմավորման արդյունքում:
Բացի վերոհիշյալ կազմակերպությունից՝ ոլորտում պետության մշակութային քաղաքականությունն իրականացվում է պետական այլ՝ համայնքային, հասարակական կազմակերպությունների և անհատների հետ համագործակցությամբ:
Հայաստանում պրոֆեսիոնալ և ինքնագործ պարախմբերն իրենց գործունեությունն իրականացնում են դասական, ժամանակակից, ազգագրական, ժողովրդական պարարվեստի ժանրերում։
Վերջին տարիներին Հայաստանում կտրուկ մեծացել է ինքնագործ պարախմբերի, պարային ստուդիաների և մասնավոր դպրոցների թիվը։ Հետաքրքրությունը դեպի պարարվեստը խրախուսելի է, սակայն իրավիճակը պարտադրում է մտածել պրոֆեսիոնալ պարի մասին։ Այս իմաստով մեծ աշխատանք են կատարում Երևանի պարարվեստի պետական քոլեջը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բալետմայստերական բաժինը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը:
Նոր դասավանդման մեթոդների և հնարանքների ներդրման, կատարողական որակի բարձրացման նպատակով իրականացվում են վարպետության դասեր՝ արտերկրից հրավիրված առաջատար մասնագետ-պարուսույցների միջոցով:
Նախարարության աջակցությամբ և մասնագիտական ընտրությամբ լավագույն անհատ կատարողները մասնակցում են արտերկրում անցկացվող միջազգային մրցույթների, փառատոների և վարպետության դասերի:
Հայաստանում գործող ժողովրդական և ազգագրական պարի համույթներն ունեն մեկ կարևոր ստեղծագործական խնդիր՝ պահպանել հայ ազգային պարը՝ տալով նրան նոր, ժամանակակից մոտեցում:
Այդ առումով նախարարության քաղաքականությունն ուղղված է հայ մասնագիտական պարարվեստի և էթնոպարարվեստի, հայ ծեսերի՝ մինչ օրս պահպանված շարժանկարային և տեսահոլովակներում արձանագրված եզակի նմուշների արձանագրությանը, հայ պարարվեստի մատենագրության հավաքագրմանը, պարաստեղծի և կատարողի գիտելիքների ու նախընտրությունների որակի բարձրացմանը, հայ ծեսերի ամբողջական կամ հատվածային ցուցադրման ավանդույթի վերականգնմանը:
Պարարվեստի գործունեության ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում ակնկալվում է.
• ազգային և համամարդկային հոգևոր-մշակութային արժեքների պահպանում, զարգացում և հանրահռչակում,
• հանրության տարբեր շերտերի և տարիքային խմբերի պահանջարկին համապատասխան մշակութային արդյունքի մատուցում,
• մշակութային համաչափ զարգացում,
• համերգային ծրագրերի գեղագիտական դաստիարակության բաղադրիչի միջոցով՝ բարձրաճաշակ և պատրաստված ունկնդրի և հանդիսատեսի ձևավորում,
• համերգային կազմակերպությունների տնտեսական աճ:
Պարարվեստի ոլորտում լավագույն ավանդույթների պահպանման, կատարված բարեփոխումների և ոլորտում իրականացվող մշակութային քաղաքականության հետևողականության շնորհիվ ներկայում Հայաստանը տարածաշրջանային առաջատարներից է՝ համերգային ծրագրերի քանակական, որակական, դրանց սպառման, հագեցած հյուրախաղային գործունեության, ինչպես նաև ունկնդրի պատրաստվածության և նախասիրությունների ընդհանուր մակարդակի առումով:
Պարարվեստի ոլորտի կրթօջախներն են հանրապետության արվեստի դպրոցները, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները:
ԾՐԱԳՐԵՐ
Ծրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, նախարարության աջակցությամբ Երևանում և ՀՀ մարզերում իրականացվում են միջազգային մրցույթներ, փառատոներ, համատեղ համերգներ և այլ միջոցառումներ: Դրանց թվում են «Summeet» ժամանակակից պարի միջազգային 3-րդ փառատոնը, «Զարկֆեստ» փառատոնը և այլն:
Նախարարության աջակցությամբ պարային խմբերը մասնակցում են արտերկրում անցկացվող միջազգային մրցույթների և փառատոների: Իրականացվում են վարպետության դասեր արտերկրից հրավիրված առաջատար պարուսույցների միջոցով: Պարարվեստի ոլորտի զարգացմանը նպաստող հանրապետական և միջազգային միջոցառումներ իրականացնելիս նախարարությունը համագործակցում է ոլորտում գործող պետական, համայնքային, հասարակական կազմակերպությունների, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների, ստեղծագործական միությունների, ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների և այլ կազմակերպությունների հետ:
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ
Հասցե՝ Հայաստան,0009,Երևան, Մաշտոցի պող. 46
Հեռ.՝ +374 (10) 30 00 77,+374 (33) 30 01 75
Էլ.փոստ՝ folkmusicdancearmenia@gmail.com
Կայք, սոցցանցի էջ
Facebook: National Center of Folk Music and Dance /https://www.facebook.com/armfolkmusicdance
Instagram: folk_music_and_dance_center