Ոչ նյութական մշակութային ժառանգությունը հանրության, խմբերի, որոշ դեպքերում առանձին անձանց կողմից որպես իրենց մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթների, ավանդույթների, ծեսերի, պատկերացումների ու արտահայտման ձևերի, գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև դրանց առնչվող գործիքների, առարկաների, ստեղծագործությունների և մշակութային տարածքների ամբողջությունն է։

Ոչ նյութական մշակութային արժեքներ ասելով նկատի են առնվում ժողովրդական բանահյուսությանը, լեզվին, բարբառներին և խոսվածքներին, տեղանուններին, զինանշանային և ազգային այլ խորհրդանիշների բովանդակությանը, ավանդական արհեստներին, ազգային սովորույթներին, ավանդույթներին, տոներին, ծեսերին, հասարակական կենցաղին, վարվեցողության ձևերին և կանոններին, ժողովրդական արվեստին, տնտեսական գործունեությանը, կենսաապահովման մշակույթին, հավատալիքներին, պաշտամունքին, գիտական հետազոտությունների արդյունքներին և մեթոդներին, ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտներին վերաբերող գիտակրթական հաստատություններում, արխիվներում, գրադարաններում, իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ պահվող տեղեկույթը։

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի Հանրապետության մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է։ Վերջին տարիներին ոլորտում վերազարթոնք է դիտվում, երբ երիտասարդության շրջանում ակնհայտ են ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի, վերարժևորման և նորովի մեկնաբանությունների միտումներ: Դրա վկայությունն են օրեցօր բազմապատկվող երգի, պարի, ձեռարվեստի, արհեստագործության, ժողովրդական թատրոնի խմբերի և ժառանգության պահպանություն իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությունը, ծրագրերի և բազմաբնույթ միջոցառումների թվաքանակը:

Ներկա շրջանում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունն ուղղված է ոլորտի պահպանության, պաշտպանության և հանրահռչակման իրականացմանը, որը կանոնակարգվում է ՀՀ օրենքների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կոնվենցիաների հիման վրա:

2006 թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան և դրա կիրարկման շրջանակում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և հանրահռչակման ուղղությամբ բազմաբնույթ տեղական և միջազգային ծրագրեր են իրականացվում։

2009 թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքը: Այն կարգավորում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացների ընթացքում ծագող իրավահարաբերությունները` ներառյալ ոչ նյութական մշակութային արժեքների գույքագրման, ցանկերի պատրաստման, նույնականացման, փաստաթղթավորման, հետազոտման, կիրառման, վերականգնման գործընթացները, այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանման, միջազգային մշակութային համագործակցության, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցման խնդիրները, սահմանում է այդ ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պետական մարմինների իրավասությունները։

2009 թվականին ՀՀ մշակույթի նախարարին կից ստեղծվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով մասնագիտական խորհուրդ, որը համագործակցելով ոլորտում գիտական, կրթական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ՝ մշակել է և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման համար համապատասխան չափորոշիչներ։

Ոլորտի իրավական դաշտի կարգավորման ուղղությամբ ընդունվել են նաև մի շարք օրենսդրական ակտեր, որոնց միջոցով հնարավորություն է ընձեռնվում կարգավորելու ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և զարգացման գործընթացներում ծագող իրավահարաբերությունները, ոչ նյութական մշակութային արժեքներ ստեղծող, պահպանող և փոխանցող համայնքների գործունեությունը, միջազգային մշակութային համագործակցությունը և այլն:

  1. 2010 թ. մարտի 11-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 310-Ա որոշումը, որով հիմք դրվեց ՀՀ տարածքում ոչ նյութական մշակութային ժառանգության հաշվառման, իրավիճակի ուսումնասիրման գործընթացին, ինչպես նաև հաստատվեց ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առաջին ցանկը։ Ներկայում այն ընդգրկում է 33 արժեքներ:
  2. 2011 թ. հունվարի 20-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 36-Ն որոշումը, որը ներկայում ընդգրկում է 12 արժեքներ:
  3. 2012 թ. մարտի 1-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը հաստատելու մասին» N 241-Ն որոշումը, որում ընդգրկված են երկու մշակութային տարածքներ։

Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի կենսունակությունը և փոխանցման շարունակականությունը ապահովելու նպատակով իրականացվում են մշակութային ծրագրեր, որոնք ուղղված են ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության զարգացմանը, բանահյուսական ժառանգության հանրահռչակմանը, ավանդական կատարողական արվեստի զարգացմանը, ազգային ավանդական կենցաղի կենսունակության պաշտպանությանը և ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը: Ոլորտը հանրահռչակելու նպատակով 2016 թվականից գործում է http://int-heritage.am/am/ կայքը։

Հատկապես կարևորվում է մշակութային ծրագրերի իրականացումը մարզերում, որոնք նպաստում են ազգային ավանդույթների պահպանմանը, կենսունակության ապահովմանը և սերնդե սերունդ փոխանցմանը բուն կրողների միջավայրում:

Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման նպատակով իրականացվում են տարբեր մշակութային միջոցառումներ (փառատոներ, հանրապետական և միջազգային գիտաժողովներ, մասնակցություն սեմինարներին, աշխատանքային հանդիպումներին և այլն) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում ընդգրկվելու նպատակով պատրաստվում են ազգային ոչ նյութական մշակութային արժեքներին վերաբերող հայտեր:

Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանության գործընթացի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվել են Հայաստանի Հանրապետության հետևյալ հայտերը` «Դուդուկ և իր երաժշտությունը» (2008 թ.), «Խաչքարերի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2019 թ․), «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» (2020 թ.)։

Հայաստանի Հանրապետությունում ոչ նյութական մշակութային ժառանգության հետազոտման և պահպանման խնդիրներով զբաղվում են Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության, արվեստի, գրականության, լեզվի ինստիտուտները, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն», «Փայտարվեստի թանգարան», «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ները, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության կաբինետը և հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնը: Երևանի պետական համալսարանում գործում են բանահյուսության, ազգագրության և մշակութաբանության ամբիոններ: