Երաժշտարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական նպատակներն են՝
- ստեղծագործական պատվերով համերգային ծրագրերի ստեղծումը,
- ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունների ձեռքբերումը,
- ազգային երաժշտարվեստի միջազգայնացմանը և հանրահռչակումը,
- երիտասարդ ստեղծագործողների և երաժիշտ կատարողների մրցունակության, ստեղծագործական գործունեության համար նպաստավոր պայմանների ապահովումը,
- միջազգային մրցույթների և փառատոների մասնակցության աջակցմամբ երաժիշտների խրախուսումը,
- երաժշտարվեստի պահպանման, զարգացման, տարածման և հանրահռչակման, նոր ծրագրերի, գաղափարների, ստեղծարար նախաձեռնությունների ապահովումը․
- Հայաստանի Հանրապետությունում գործող ստեղծագործական խմբերի, ստեղծագործող անհատների և միջազգային մշակութային կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդումը:
Երաժշտարվեստի ոլորտում գործող ՊՈԱԿ-ներն են` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբը, Հայաստանի երգի պետական թատրոնը:
Երաժշտարվեսի ոլորտի կրթօջախներն են հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցները, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջները, Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը, Գավառի պետական երաժշտական քոլեջը, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան:
Երաժշտարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականության իրականացմամբ պայմանավորվում են հայ երաժշտական մշակույթի առանձնահատկությունները, հաստատվում են չափանիշներ ազգային ինքնագիտակցության մեջ, կարևորվում է այլ մշակույթների համատեքստում հայ մշակույթը ներկայացնելու դերը, ինչը միշտ վերապահված է եղել մշակույթի ազգային-ավանդական շերտերին և դրանց վրա ձևավորված դասական արվեստին:
Նախարարության տարեկան և միջնաժամկետ ծախսային ծրագրերով աջակցություն է ցուցաբերվում ժամանակակից, դասական, ժողովրդական երաժշտարվեստի տեսակների զարգացմանը, երաժիշտների՝ միջազգային մրցույթների և փառատոների մասնակցությանը, ձեռք են բերվում ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործություններ, մշակվում և իրականացվում են պետական աջակցության դրամաշնորհային, երաժշտական արվեստի կազմակերպությունները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու համալիր ծրագրեր։
Նախարարությունն իրականացնում է ազգային երաժշտարվեստի ավանդույթների պահպանմանը, երաժշտարվեստի ճյուղերի ու ժանրերի զարգացմանը խթանելուն, երաժշտական կազմակերպությունների երկացանկերը համալրելուն ուղղված «Երաժշտարվեստի աջակցում՝ երաժշտական ստեղծագործությունների գնման միջոցով», «Երաժշտարվեստի աջակցում՝ ստեղծագործական պատվերների միջոցով», «Աջակցություն միջազգային երաժշտական մրցույթներին և փառատոներին», «Աջակցություն հանրապետական երաժշտական մրցույթներին և փառատոներին» ծրագրերը։
- Դրամաշնորհային ծրագրերի միջոցով իրականացվում են ոչ միայն արդեն ավանդույթ դարձած միջազգային և հանրապետական մրցույթներ, փառատոներ և երաժշտական նախագծեր, այլև խրախուսվում են նորարարական նախագծերով, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվում դեբյուտային և երիտասարդական ծրագրերին:
- Աջակցություն է ցուցաբերվում արտերկրում տարբեր միջազգային նախագծերին անհատների և խմբերի մասնակցությանը:
- Երաժշտական ստեղծագործությունների գնման միջոցով համալրվում են երաժշտական ֆոնդերը և ստեղծագործական խմբերի երկացանկը, ինչպես նաև ապահովում է հայ կոմպոզիտորական դպրոցի շարունակականությունը:
- Մշակութային կազմակերպությունների բնականոն ստեղծագործական գործունեությանը նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով բեմական հարթակներ են տրամադրվում բազմաթիվ նախագծերի իրականացման համար:
- Հատուկ ուշադրության է արժանանում հանրային վայրերում երաժշտական ճաշակի ձևավորման, կրթական ծրագրերի միջոցով երաժշտական չափանիշների բարձրացման խնդիրը:
- 2019 թ. Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի գործունեության բարելավման, արդյունավետության բարձրացման, փորձատեղով և համերգային դահլիճով ապահովելու նպատակով «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպելու մասին» կառավարության որոշման նախագիծ է ներկայացվել ՀՀ վարչապետի աշխատակազմ: