Կերպարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական նպատակներն են՝
- ժամանակակից ստեղծագործությունների հանրայնացումը
- միջազգային մշակութային տիրույթում դիրքավորվելուն անհրաժեշտ միջոցառումների իրականացումը
- նոր գաղափարների, արժեքների բացահայտմանը, ստեղծագործ երիտասարդական ներուժի խթանումը:
ՀՀ տարածքում այսօր ապրում և ստեղծագործում են 2000-ից ավելի նկարիչներ, քանդակագործներ, դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետներ։ Ոլորտի զարգացումը հիմնականում պայմանավորված է պետական աջակցությամբ։ Կերպարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականության իրականացման համար նախարարությունը մշակում է կերպարվեստի գործիչների ստեղծագործական գործունեության զարգացումը խթանող ծրագրեր՝ համագործակցելով Հայաստանի նկարիչների միության հետ։
Կերպարվեստի կրթօջախներն են կերպարվեստի դպրոցները, Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան:
Նախարարությունը ապահովում է հայ արվեստագետների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին, նախագծերին:
Վերջին տարիներին ակտիվացել է արտերկրի հետ մշակութային երկխոսությունը, արտերկրում կազմակերպվում են հայ ժամանակակից նկարիչների, ինչպես նաև ժողովրդական արվեստի վարպետների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքներ։ Ստեղծվում է արվեստի գործերի քաղաքակիրթ վաճառքի և արվեստագետների հեղինակային իրավունքի պահպանման համակարգ։
Հայ ժամանակակից արվեստը ներկայանում է հեղինակավոր միջազգային Expo-ների և արվեստի բիենալեներին, մասնավորապես` հայ կերպարվեստի գործիչները պետական աջակցությամբ պարբերաբար մասնակցում են միջազգային ցուցահանդեսներին, արտերկրում Հայաստանի մշակույթի օրերին, Վենետիկի, Չինաստանի, Պորտուգալիայի և այլ երկրների բիենալեներին:
Կերպարվեստի գործերի գնման միջոցով՝ Հայաստանի պատկերասրահների հավաքածուները համալրվում են նոր արժեքներով։
Հայաստանում գործող պատկերասրահներում ցուցադրվում են հայ կերպարվեստի դասական և ժամանակակից վարպետների գեղարվեստական բարձրարժեք գործեր։
Նախարարության «Կերպարվեստի աջակցում և խթանում» բյուջետային ծրագրով իրականացվում է հայ վարպետների կերպարվեստի գործերի ներկայացման աջակցությունը, ապահովվում է մասնակցություն միջազգային ցուցահանդեսներին, խթանվում է երիտասարդական նախաձեռնողականությունը, իսկ պետական պատվերով գրականության հրատարակման ծրագրի շրջանակում լույս են տեսնում ժամանակակից կերպարվեստը ներկայացնող ալբոմներ։
2018 թվականին կերպարվեստը հռչակվել է ՀՀ մշակույթի նախարարության գործունեության գերակա ուղղություն: Այդ շրջանակում, ի թիվս տարաբնույթ միջոցառումների, ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում բացվել է «Արդի հայ գունապնակ» խորագիրը կրող բաժինը, որի ներքո պարբերաբար տեղ են գտել ակնարկ-դիմանկարներ կերպարվեստի մերօրյա վարպետների /նկարիչներ, քանդակագործներ, դիզայներներ/ մասին: Նպատակը արդի գեղարվեստական ընթացքն ապահովող արվեստագետների ստեղծագործության հանրահռչակումն է: