Մշակութային կրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական նպատակներն են՝
- Գեղարվեստական կրթության ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորում
- Շնորհալի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտում և այդ ներուժի լիարժեք գործադրման ապահովում
- Գեղարվեստական կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովում` նյութատեխնիկական բազայի և երաժշտական գործիքների համալրմամբ, ուսումնամեթոդական աշխատանքների իրականացմամբ, ուսումնական նոր ծրագրերի և ձեռնարկների մշակմամբ և հրատարակմամբ
- Ուսուցման մատչելիության ապահովումը արտադպրոցական գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության շրջանակներում
- Մշակույթի ոլորտում մասնագետների վերապատրաստման և վերաորակավորման իրականացում` միջազգային փորձի ուսումնասիրմամբ և մշակույթի ոլորտում արդի պահանջներին համապատասխան նոր մասնագիտությունների ներդրմամբ
- Երիտասարդ ստեղծագործողների գործունեության խթանում՝ դեբյուտային ծրագրերի իրականացմամբ
- Մշակութահեն հասարակության ձևավորմանը նպաստող պայմանների ստեղծում
- Հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ներգրավում հասարակություն՝ մշակութային կրթության ոլորտում նպատակային նախագծերի իրականացմամբ:
ՀՀ պետական բյուջեից ստացվող հատկացումներն ուղղվում են հետևյալ ծրագրերին`
◆ «Հանրակրթության ծրագիր» («Տարրական մասնագիտացված հանրակրթություն», «Հիմնական մասնագիտացված հանրակրթություն», «Միջնակարգ մասնագիտացված հանրակրթություն», «Մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատությունների երեխաների կրթաթոշակ միջնակարգ ընդհանուր կրթության մակարդակում», «Սոցիալապես անապահով և սահմանամերձ ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» միջոցառումներ), որոնք իրականացնում է «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ը.
◆ ««Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն» ծրագիր» («Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» և «Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» միջոցառումներ) իրականացնում է «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը.
◆ ««Արտադպրոցական դաստիարակություն» ծրագիր» («Արտադպրոցական դաստիարակություն» միջոցառում) իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Նախարարության աջակցությամբ իրականացվում են մի շարք նպատակային ծրագրեր, մասնավորապես.
- «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագիրն իրականացվում է 2008 թվականից և ոլորտի մասնագետների կողմից գնահատվել է որպես բարձր արդյունավետություն ունեցող ծրագիր: Այն իրականացվում է նախարարությանը կից, հատուկ այդ նպատակով կազմված մասնագիտական հանձնախմբի օժանդակությամբ: Ծրագրով նախատեսված միջոցները տրամադրվում են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար առարկայական ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների, ժողովածուների մշակման և հրատարակման համար: 2008-2019 թթ. հրատարակված շուրջ 310 ձեռնարկ անվճար բաշխվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մշակութային կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններին:
- «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագիրն ուղղված է պետական աջակցության ներքո մշտապես գործող երաժշտական գործիքների հավաքածուի ստեղծմանն ու շարունակական համալրմանը: 2013-2019 թթ. ծրագրի հատկացումներով ձեռքբերված 591 երաժշտական գործիք տրամադրվել է ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին:
- «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագիրը յուրաքանչյուր տարի ապահովում է հանրապետության 146 երաժշտական և արվեստի դպրոցի 2361 սովորողի ուսման վարձավճարների փոխհատուցումը:
- «Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցներն ուղղվում են ոլորտի առաջատար մասնագետների միջոցով հանրապետությունում գործող 207 երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում սովորող աշակերտների և դասավանդող մանկավարժների ուսումնամեթոդական և գործնական աջակցության կազմակերպմանը:
- «Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և կատարելագործմանը» ծրագիրը նպատակ ունի բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում: Ծրագիրը ներառում է միջոցառումների համալիր շարք, որի իրականացումը նպաստում է միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանն ու դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ձևավորմանը:
Մշակութային կրթության խթանմանը նպաստող հանրապետական և միջազգային միջոցառումներ իրականացնելիս նախարարությունը համագործակցում է ոլորտում գործող պետական, հասարակական կազմակերպությունների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների, ստեղծագործական միությունների հետ:
Տարբեր մասնագիտությունների գծով Երևանում և ՀՀ մարզերում իրականացվում են բազմաթիվ միջազգային և հանրապետական մանկապատանեկան մրցույթներ, փառատոներ, համատեղ համերգներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ, այդ թվում՝
- «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոն. հիմնախնդիրներն ու նպատակներն են՝ տաղանդի բացահայտում՝ «նոր» անունների և երաժիշտ-կատարողների սատարում, բարենպաստ պայմանների ստեղծում պատանի երաժիշտների համար մասնագիտական լավագույն որակները դրսևորելու, երաժշտակատարողական կարողությունները արտահայտելու հնարավորությամբ:
- Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ.
նպատակն է հնարավորություն ընձեռել պատանի կոմպոզիտորներին ներկայացնելու իրենց ստեղծագործությունները:
- «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում.
ծրագիրը միտված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ՀՀ մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը, հաշվետու ստուգատեսերի միջոցով հանրապետության քաղաքներում մշակութային կյանքի աշխուժացմանը, խթանմանն ու զարգացմանը: Ծրագրի կազմակերպմամբ նպաստավոր պայմաններ է ստեղծվում մանկապատանեկան մշակութային հաստատությունների շնորհալի երեխաների և պատանիների մասնագիտական ունակությունների զարգացման, արվեստագետների շփումների սերտացման, փորձի փոխանակման, մարզերի միջև մշակութային կապի ամրապնդման համար:
- «Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիր.
նպատակ ունի խթանելու Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև համագործակցության, գործնական հմտությունների ձեռքբերման և փորձի փոխանակման գործընթացը: Ծրագիրը կնպաստի նաև մշակույթի համաչափ զարգացմանը, գեղարվեստական կրթության հասանելիության և մատչելիության ապահովմանը: Ծրագրի շրջանակում երևանյան 10 և մարզային 10 երաժշտական ու արվեստի դպրոցների միջև կստեղծվեն համատեղ համերգային ծրագրերի իրականացման, մշակութային կրթության մեթոդական աջակցության պայմաններ, ինչպես նաև ստեղծագործական կապեր, իսկ մասնակից 500 երեխաների համար նախատեսված են ճանաչողական այցեր՝ Երևանի և ՀՀ մարզերի պատմամշակութային ժառանգության և տեսարժան վայրեր:
- «REALBOARDS» պատանիների համար» կրթական ծրագիր.
նպատակն է՝ REALBOARDS™ Studio համակարգչային ծրագրի միջոցով հնարավորություն տալ Հայաստանի Հանրապետության մարզերի երեխաներին ձեռք բերել տեսական և պրակտիկ գիտելիքներ կինոարտադրության հիմնական մասնագիտությունների մասին՝ սցենարիստի, ռեժիսորի, օպերատորի և այն բոլոր տեխնիկական և ստեղծագործական մասնագիտությունների մասին, որոնք կինոարտադրության անփոխարինելի մասն են կազմում: Դասընթացը թույլ է տալիս երեխաների մեջ դաստիարակել պատասխանատվության զգացում ընկերների հանդեպ ստեղծագործական խմբում թիմային աշխատանքի ժամանակ, ինչպես նաև կնպաստի երեխաների պատկերային մտածելակերպին:
Կրթական ծրագրեր են իրականացվում նաև թատրոնի, պարի և կերպարվեստի ոլորտներում:
Ոլորտում իրականացվում են նաև կրթության, մշակույթի և մշակութային կրթության կապը խթանող ծրագրեր, այդ թվում.
- «Բաժանորդային համակարգ» ծրագիրը, որի նպատակն է մշակութային միջոցառումներին աշակերտների ներգրավվածության բարձրացում, վաղ հասակից մշակութային հաստատություն այցելելու ավանդույթի ձևավորում: Ծրագիրը հնարավորություն է տալիս աշակերտին և ուսուցչին, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցել իր համայնքի կամ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը։ Ծրագիրը երաշխավորում է դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման նվազագույն հնարավորությունը՝ միաժամանակ մշակութային հաստատություններին ընձեռելով հնարավորություն նոր այցելուներ ունենալու և այլ մշակութային օջախների հետ հավասար պայմաններում մրցակցելու` ավելի շատ այցելու ունենալու համար։
- «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, որի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչի բացը, մեծացնել հետաքրքրությունը ընթերցանության, դասական երաժշտության և կերպարվեստի նկատմամբ, խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումը երաժշտության, կերպարվեստի, գրականության բնագավառներում, պատանիներին ճանաչել տալ ժամանակակից արվեստագետներին, բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, քաղաքացիական գիտակցությունը:
Ոլորտում իրականացվում են ներառական ստեղծագործական միջոցառումներ և նպատակային կրթական նախագծեր՝ ուղղված մշակութային կյանքում խոցելի խմբերի լիարժեք ընդգրկմանը, նրանց ստեղծագործական հետագա զարգացման և առաջխաղացման պայմանների ապահովմանը, ինքնադրսևորման հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը:
Նախարարության աջակցությամբ և մասնագիտական հանձնաժողովի ընտրությամբ շնորհալի պատանի անհատ կատարողները մասնակցում են արտերկրում անցկացվող մանկապատանեկան միջազգային մրցույթների, փառատոների և վարպետության դասերի:
Իրականացվում են վարպետության դասեր արտերկրից հրավիրված առաջատար մանկավարժ-մասնագետների միջոցով:
Պարբերաբար համալրվում են ոլորտին առնչվող տեղեկատվական շտեմարանները:
2019 թվականից նախարարության պատվերով մշակութային կրթության ոլորտի դրամաշնորհային ծրագրերը իրականացվում են մրցութային կարգով: