Կինոարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական նպատակներն են՝
- կինոարտադրության պետական աջակցության և դրամաշնորհային մրցութային համակարգի զարգացումը,
- կադրերի պատրաստման և վերապատրաստման ծրագրի իրականացումը,
- Հայաստանում «ցածրաբյուջե կինո» ֆիլմարվեստի զարգացումը (նվազագույն տեխնիկական կազմով առավելագույն գեղարվեստական որակի ձևավորում),
- տարբեր երկրների կինոմիավորումների հետ համագործակցության ձևավորումը՝ համատեղ արտադրությամբ կինոնկարների ստեղծմամբ. (հայկական կողմը գործընկեր կազմակերպությունների հետ կարող է ապահովել ստեղծագործական հենք, նկարահանման վայրեր, մարդկային ներուժ, ֆինանսական-տեխնիկական ռեսուրսներ, շուկայի վերլուծություն և մարքեթինգային քաղաքականություն՝ առաջնորդվելով հայ ժողովրդի նկարագիրը լավագույնս ներկայացնող, գեղարվեստական բարձր արժանիքներ ունեցող, ինչպես նաև ժամանակակից մտածողություն ձևավորող և սերնդի կրթադաստիարակչությանը նպաստող ստեղծագործությունների էկրանավորման պետական քաղաքականությամբ),
- կինոպրոդյուսերների և կինոսցենարիստների դպրոցի ձևավորումը՝ նպատակային ծրագրի իրականացման միջոցով,
- հայրենական կինոարտադրանքի միջազգային տարածումը, հայկական կինոժառանգության վերականգնումն ու թվայնացումը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործում է 2 ՊՈԱԿ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան, որոնք համագործակցում են հայաստանյան մասնավոր կինոարտադրող ընկերությունների և օտարերկրյա կազմակերպությունների հետ: Բացի նշյալ ՊՈԱԿ-ներից՝ նախարարության դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը մասնակցում են ոլորտում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ:
«Կինեմատոգրաֆիայի ծրագրի» «Կինոնկարների արտադրություն» միջոցառման շրջանակներում հատկացված միջոցներով տարեկան արտադրվում է 5-6 խաղարկային, 4-5 մուլտիպլիկացիոն և 10-12 փաստավավերագրական կինոնկարներ, ինչպես նաև «Կինո-Ֆոտո-Ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» ծրագրով իրականացվում են կինոժառանգության թվայնացման և պահպանման աշխատանքները։
«Կինեմատոգրաֆիայի ծրագրի» «Աջակցություն կինոարվեստին» միջոցառման շրջանակներում հատկացված միջոցներով իրականացվում է կինոշուկաների և կինոփառատոների մասնակցության, կինոարվեստի հանրահռչակման, տարածման և մատչելիության ապահովման գործընթացը:
2009 թվականից Հայաստանը ներկայանում է Կաննի միջազգային հեղինակավոր կինոփառատոնի շրջանակում գործող կինոշուկայում, որտեղ կազմակերպվում են արդյունավետ մասնագիտական հանդիպումներ տարբեր երկրների կինոընկերությունների հետ:
2012 թվականից սկսած Հայաստանի ազգային կինոկենտրոնն անդամակցում է Եվրոպական տեսաձայնային դիտարանին (օբսերվատորիային)՝ ապահովելով մասնակցությունն օբսերվատորիայի աշխատանքներին և տեսաձայնային արվեստի մասնագիտացված խնդիրների վերաբերյալ համաժողովներին:
2016 թ. Հայաստանը դարձավ «Եվրիմաժ» հիմնադրամի խորհրդի անդամ: Չորս տարվա անդամակցության շնորհիվ Հայաստանը յուրաքանչյուր տարի կարողացել է ներկայացնել համատեղ արտադրվող միջազգայնորեն մրցունակ կինոնախագծեր, որոնք ստացել են դրամաշնորհ եվրոպական հիմնադրամից:
Կինոոլորտի մասնագիտական կառույցների հետ համատեղ մշակվում են երիտասարդ ստեղծագործական ներուժի հայտնաբերման և խրախուսման, կինոարվեստի բնագավառում պետական աջակցության դրամաշնորհային ծրագրեր։
Մշակույթի ապակենտրոնացման նպատակով իրականացվում է նաև «Մարզային կինոցուցադրություններ» ծրագիրը, որի արդյունքում հանրապետության տարբեր բնակավայրերում հանրությունը հաղորդակից է դառնում հայկական կինոարվեստին։
Հայաստանում վերջին տարիներին պետական աջակցությամբ կազմակերպվում և արդեն ավանդական բնույթ են կրում «Ոսկե ծիրան», «ՌեԱնիմանիա» անիմացիոն, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի, «Կին», «Ծիրանի Ծառ» վավերագրական և «ՄԵԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի միջազգային կինոփառատոները, որոնք ճանաչված են միջազգային ասպարեզում և տարածաշրջանում։ 2018 թվականին «Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնին կից մեկնարկել է «Gaiff Pro» տարածաշրջանային կինոշուկան, որը խթանում է միջազգային համագործակցության գործոնը:
2018 թվականին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի ջանքերով մեկնարկեց «Համո Բեկ-Նազարով՝ հայկական կինոյի դասականներ» նախագիծը, որի շրջանակներում միջազգային համագործակցության շնորհիվ վերականգնվում և թվայնացվում է հայ կինոյի ժառանգությունը:
2019 թվականից «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ում գործում է «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» նոր կանոնակարգ, որի դրույթները համապատասխանեցված են միջազգային չափանիշներին և կարգավորում են կինոարտադրող-պետություն արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև նպաստում են միջազգային համագործակցությանը:
2019 թվականից «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ում ևս գործում է նոր անկախ գեղարվեստական խորհուրդ, որն առաջնորդվում է բացառապես որակյալ կինոնախագծերի ընտրության սկզբունքով և միջազգային չափորոշիչներին համապատասխան գործելակերպով:
2019 թվականից մշակման փուլում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը պետք է կարգավորի կինոարվեստի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն ու հիմնական ուղղությունները, միջազգային համագործակցությունը, ինչպես նաև կինոարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու կարգը և պայմանները:
2019 թվականի կինոնկարների արտադրության ծրագիր