ԴԻՄՈՐԴ 2023

Դիմորդները 2023-2024 ուստարվա առաջին փուլի միասնական և ներբուհական ընդունելության քննություններին մասնակցելու համար ընդունելության դիմում-hայտը ներկայացնում են առցանց` Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում:

Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական հաստատությունների բոլոր դիմորդները` ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները հանձնում են առավելագույնը 2 միասնական քննություն:

Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվել են կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան:

ՀՀ բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված են ընդունելության միասնական չափանիշներ և մուտքային պահանջներ՝ ըստ ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորման: Ըստ այդմ` նույն մասնագիտության դիմորդները պետք է հանձնեն ընդունելության նույն միասնական քննությունները` անկախ ընտրած բուհից:

ՀՀ կառավարության 26.04.2012թ. N 597-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2023/2024 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ՝

1) Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա կամ նախորդ տարիների շրջանավարտները միասնական քննություններ կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հունիսին,
2) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միասնական քննությունները կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հուլիսին,

3) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների), միասնական քննությունները կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հուլիսին։

Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով։
Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

Առաջին փուլում միասնական քննությունների հայտագրումը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների, օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից դիմումների կիրականացվի 2022 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը:

Միասնական քննությունները կանցկացվեն 2023 թվականի հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը:

Երկրորդ փուլում միասնական քննությունների հայտագրումը, ինչպես նաև մասնագիտության առաջին փուլի հայտագրումը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից Երկրորդ փուլում հայտերն ընդունվելու են կիրականացվի 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում:

Օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են երկրորդ փուլում՝ հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17։00-ն:

Միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Առաջին փուլում /հունվար-փետրվար ամիսներին անցկացվող/ դիմում-հայտ լրացնելուց առաջ դիմորդները ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին յուրաքանչյուր միասնական քննության համար փոխանցում են 4500 դրամ, իսկ դիմում-հայտը լրացնելուց հետո ԳԹԿ-ին են փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 4500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

Հաջորդ փուլում /հունիս-հուլիս ամիսներին անցկացվող/ դիմում-հայտ լրացնելուց առաջ դիմորդները ԳԹԿ հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցում են 1500 դրամ, իսկ դիմում-հայտը լրացնելուց հետո ԳԹԿ-ին են փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում: Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ:

Բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:

Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ:

Հիմնական փուլի մրցույթին մասնակցելու համար դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Ցանկի «Ընդունելության քննություններ» բաժնի սյունակում միասնական քննությունների առարկաները «կամ» բառով տարանջատված լինելու դեպքում դիմորդին թույլատրվում է ընտրել նշված ընդունելության քննություններից մեկը:

Դիմորդն անվճար և վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով` հարյուրերորդական մասի պահպանմամբ: Բուհ ընդունված դիմորդների ցուցակը կազմվում է տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ընդունելության քննական առարկաներից ստացած միավորների գումարի նվազման կարգով: Այն մասնագիտությունների համար, որոնք ընդունելության քննությունների ցանկում նշված են որպես ոչ մրցութային, դիմորդը մրցույթին մասնակցում է այդ առարկաներից դրական միավոր ստանալու դեպքում:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքների հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:

Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:

Հիմնական և լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավոր (միավորներ) ունեցող դիմորդին:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 30-ին:

2023 թ. միասնական քննությունների թեստեր և թեստերի պատասխաններ

Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգ (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի)

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2023/2024 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկ

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղեր

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023/2024 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերն ըստ բուհերի և մասնագիտությունների

ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոններ