
Բարձրագույն մասնագիտական կրթության նպատակը բարձր մասնագիտական որակավորման կադրերի պատրաստումն ու վերաորակավորումն է, միջնակարգ ընդհանուր և միջին մասնագիտական կրթության հիմքի վրա անձի` կրթության զարգացման պահանջմունքների բավարարումը:
Բարձրագույն մասնագիտական կրթությունը առնվազն միջնակարգ կրթության հենքի վրա բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի ծրագրերով իրականացվող մասնագիտական կրթություն է:
Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել անընդհատ և (կամ) ընդհատումներով՝ ըստ աստիճանների:
Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգ:
Ամփոփիչ ատեստավորումն անցած անձին շնորհվում է`
1) առաջին աստիճանում` բակալավրի որակավորում,
2) երկրորդ աստիճանում` մագիստրոսի որակավորում:
Հայաստանի Հանրապետությունում պահպանվում է նաև դիպլոմավորված մասնագետի որակավորումը:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի ուսուցման տևողությունն է`
1) բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարի, ոստիկանական կամ զինվորական մասնագիտությունների համար` առնվազն 3 տարի (ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է բակալավրի դիպլոմ),
2) դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 5 տարի, (ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ),
3) մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 1 տարի (ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է մագիստրոսի դիպլոմ),
4) բժշկական մասնագիտությունների համար կրթության տևողությունը սահմանվում է առնվազն 5 տարի` անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, որի արդյունքում շնորհված կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ակադեմիական տեղեկանք:
Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսուցման տարբեր ձևերով` առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի): Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու առկա և այլ ձևերի զուգակցումը չի արգելվում:
Այն մասնագիտությունների ցանկը, որոնցով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը չի թույլատրվում հեռակա, հեռավար (դիստանցիոն) կամ դրսեկության (էքստեռնատի) ձևերով, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետևյալ տեսակները.
1) համալսարան.
2) ինստիտուտ.
3) ակադեմիա.
4) կոնսերվատորիա և այլն:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք
Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգ
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգ
Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միասնական հավելվածի նմուշ
Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկ
Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակ
ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկ
ՀՀ ինստիտուցիոնալ հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկ