Lեզվի կոմիտեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ենթակա պետական մարմին է, որը մասնակցում է լեզվի բնագավառում քաղաքականության մշակմանը, ապահովում է այդ քաղաքականության իրականացումը, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը:
1993 թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ Կառավարության հմ. 531 որոշմամբ ստեղծվել է ՀՀ Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն։
2002 թ․ Լեզվի պետական տեսչությունը վերակազմակերպվել և դարձել է ՀՀ կրթության և գիտության նախարարության առանձնացված ստորաբաժանում։ 2018 թվականից, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն, Լեզվի տեսչությունը գործում է որպես Լեզվի կոմիտե։
Լեզվի կոմիտեի գործունեության նպատակներն ու խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության պետական լեզվի շահերի պաշտպանությունը, լեզվի բնագավառում պետական միասնական քաղաքականության մշակումը և այդ քաղաքականության իրականացման ապահովումը.
2) հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում պետական լեզվի` հայերենի գործառության ապահովումը.
3)«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հայերենի կիրառությունը կարգավորող օրենքների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագրի պահանջների կատարման ապահովումը.
4)Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվի` արդի գրական հայերենի կանոնարկմանը, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության և կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը, ինչպես նաև ուղղագրության միասնականացմանը նպաստելը.
5) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող հայերի շրջանում հայերենի պահպանմանն ու տարածմանը աջակցելը.
6) Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը երաշխավորելը.
7) լեզվավիճակի ուսումնասիրության, վերլուծության և գնահատման հիման վրա լեզվի բնագավառը կարգավորող օրենսդրությունը կատարելագործելը:
Կոմիտեի նախագահ` Դվոյան Սիրանուշ
Հասցե` Երևան 0028, Կիևյան 16, հեռ. (+374 10 26-68-79)
Կայք՝ www.langcom.am
Էլ. փոստ՝ contact@langcom.am