ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության գործառույթները (ծառայությունների մատուցում և հսկողության ապահովում)
Գործակալությունն իր նպատակների ու խնդիրների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է.
- Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների պետական հաշվառման, պահպանության և օգտագործման կազմակերպումը.
- պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների պահպանական գոտիների նախագծերի հաստատումը և դրանց պահպանության պայմանակարգի (ռեժիմի) սահմանումը.
- պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, ինչպես նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող առանձին շինությունների ու համալիրների ամրակայման, վերականգնման, փոփոխման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ համաձայնություն տալը, դրանց իրականացման ընթացքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների անվտանգության ապահովումը.
- պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հետախուզման և պեղման աշխատանքների իրականացման համար թույլտվություն տալը, դրանց գրանցումը ու այդ աշխատանքների իրականացման ընթացքի ապահովումը.
- հուշարձանի պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, ինչպես նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների արգելումը կամ դադարեցումը, եթե դրանք վնասել կամ դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանը կամ դրա պահպանական գոտին.
- Հայաստանի Հանրապետության պատմության, մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի և պետական ցուցակի վարումը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին տեղեկատվության մատչելիության ապահովումը.
- պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններն ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքները Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկերում ընդգրկելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
- պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նախագծային աշխատանքների իրականացման ապահովումը.
- պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հետախուզման ու պեղումների, ինչպես նաև տարեկան համառոտ հաշվետվությունների, գիտատեղեկատվական և գիտահանրամատչելի գրականության ու հուշարձանների տարեգրքի հրատարակման կազմակերպումը.
- Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին և պայմանագրերին համապատասխան՝ օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող հայկական անշարժ հուշարձանների հաշվառմանն ու հետազոտմանն աջակցելը և դրանց պահպանության ապահովմանը նպաստելը.
- քաղաքացիների նամակների (դիմումների և բողոքների) քննարկումը, դրանցում բարձրացված հարցերի լուծմանը նպաստելը.
- պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության բնագավառում վարչական վիճակագրության վարումը.
- պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության բնագավառում միջազգային կազմակերպությունների աշխատանքներին մասնակցությունը.
- Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին և պայմանագրերին համապատասխան՝ օտարերկրյա պետությունների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության բնագավառում համապատասխան պետական մարմինների հետ համագործակցությունը։