Պարարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական նպատակներն են՝

  • դասական, ժամանակակից բալետային ներկայացումների, ազգագրական, ժողովրդական պարերի նոր բեմադրությունների իրականացում,
  • պարարվեստի ոլորտում գործող կազմակերպությունների գործունեությանն աջակցում,
  • հայ պարարվեստի՝ միջազգային հանրությանը ներկայացում,
  • հայ պարարվեստի մրցունակության ապահովում,
  • ոլորտում բնականոն սերնդափոխության նախադրյալների ձևավորում:

Ոլորտում գործում է 3 ՊՈԱԿ, որոնցից յուրաքանչյուրն ունի ժանրային իր ուղղվածությունը:

Մասնավորապես.

  • «Հայաստանի պարի պետական անսամբլ» ՊՈԱԿ-ը գերազանցապես իրականացնում է հայկական ժողովրդական պարարվեստի զարգացման տարբեր փուլերի ներկայացումը:
  • «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ն իրականացնում է հայկական ազգային երգ-երաժշտության և պարի, ժողովրդական ավանդույթների, ծեսերի ու մշակութային այլ դրսևորումների պահպանման և ներկայացման գործառույթը:
  • «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» ՊՈԱԿ-ը կոչված է դասական և տարբեր ժողովուրդների պարային տարերի օգտագործմամբ, դրանց մշակմամբ և նոր արտահայտչամիջոցների կիրառմամբ պարարվեստի շարունակական զարգացման ապահովմանը:

Բացի վերոհիշյալ կազմակերպություններից՝ ոլորտում պետության մշակութային քաղաքականությունն իրականացվում է պետական այլ՝ համայնքային, հասարակական կազմակերպությունների և անհատների հետ համագործակցությամբ, նաև դաշտում գործող կազմակերպությունների համար նպաստավոր պայմանների ստեղծման, բազմաժանր և բազմակողմանի համերգային գործունեության իրագործման, ինչպես նաև ոլորտում հանրային առավելագույն ներգրավվածության նպատակով:

Հայաստանում պրոֆեսիոնալ և ինքնագործ պարախմբերն իրենց գործունեությունն իրականացնում են դասական, ժամանակակից, ազգագրական, ժողովրդական պարարվեստի ժանրերում։

Դասական բալետային ներկայացումները բեմադրվում են հիմնականում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Վերջին տարիներին Հայաստանում կտրուկ մեծացել է ինքնագործ պարախմբերի, պարային ստուդիաների և մասնավոր դպրոցների թիվը։ Հետաքրքրությունը դեպի պարարվեստը խրախուսելի է, սակայն իրավիճակը պարտադրում է մտածել պրոֆեսիոնալ պարի մասին։ Այս իմաստով մեծ աշխատանք են կատարում Երևանի պարարվեստի պետական քոլեջը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բալետմայստերական բաժինը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը:

Նախարարությունը, սերտորեն համագործակցելով ոլորտում մասնագիտացած կառույցների հետ, իրականացնում է մի շարք փառատոներ, մրցույթներ և ստուգատեսներ՝ տարբեր խորագրերով, անվանակարգերով և ուղղվածությամբ, որոնց նպատակն է ներկայացնել հայաստանյան և համաշխարհային մշակութային կյանքի գունապնակը:

Նոր դասավանդման մեթոդների և հնարանքների ներդրման, կատարողական որակի բարձրացման նպատակով իրականացվում են վարպետության դասեր արտերկրից հրավիրված առաջատար մասնագետ-պարուսույցների միջոցով:

Նախարարության աջակցությամբ և մասնագիտական ընտրությամբ լավագույն անհատ կատարողները մասնակցում են արտերկրում անցկացվող միջազգային մրցույթների, փառատոների և վարպետության դասերի:

Հայաստանում գործող ժողովրդական և ազգագրական պարի համույթներն ունեն մեկ կարևոր ստեղծագործական խնդիր՝ պահպանել հայ ազգային պարը՝ տալով նրան նոր ժամանակակից մոտեցում:

Այդ առումով նախարարության քաղաքականությունն ուղղված է հայ մասնագիտական պարարվեստի և էթնոպարարվեստի, հայ ծեսերի՝ մինչ օրս պահպանված շարժանկարային և տեսահոլովակներում արձանագրված եզակի նմուշների արձանագրությանը, հայ պարարվեստի մատենագրության հավաքագրմանը, պարաստեղծի և կատարողի գիտելիքների ու նախընտրությունների որակի բարձրացմանը, հայ ծեսերի ամբողջական կամ հատվածային ցուցադրման ավանդույթի վերականգնմանը:

Պարարվեստի գործունեության ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում ակնկալվում է.

  • Ազգային և համամարդկային հոգևոր-մշակութային արժեքների պահպանում, զարգացում և հանրահռչակում
  • Հանրության տարբեր շերտերի և տարիքային խմբերի պահանջարկին համապատասխան մշակութային արդյունքի մատուցում
  • Մշակութային համաչափ զարգացում
  • Համերգային ծրագրերի գեղագիտական դաստիարակության բաղադրիչի միջոցով՝ բարձրաճաշակ և պատրաստված ունկնդրի և հանդիսատեսի ձևավորում
  • Համերգային կազմակերպությունների տնտեսական աճ:

Պարարվեստի ոլորտում լավագույն ավանդույթների պահպանման, կատարված բարեփոխումների և ոլորտում իրականացվող մշակութային քաղաքականության հետևողականության շնորհիվ՝ ներկայումս Հայաստանը տարածաշրջանային առաջատարներից է՝ համերգային ծրագրերի քանակական, որակական, դրանց սպառման, հագեցած հյուրախաղային գործունեության, ինչպես նաև ունկնդրի պատրաստվածության և նախասիրությունների ընդհանուր մակարդակի առումով: