Գիտության կոմիտեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա մարմին է:
Կոմիտեն ստեղծվել է ՀՀ Նախագահի 2007 թվականի հոկտեմբերի 1-ի ՆՀ-231-Հ հրամանագրով:


Կոմիտեի նպատակներն են`

գիտության բնագավառի բնականոն գործունեության ու առաջանցիկ զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության, մրցունակության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.
հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը և պահպանումը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորմանը նպաստելը.
գիտության, կրթության և արտադրության ինտեգրմանը նպաստելը:

Կոմիտեի խնդիրներն են՝

գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման ժամանակակից համակարգի ձևավորմանը նպաստելը.
գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի ժամանակակից ենթակառուցվածքի ու տեղեկատվական համակարգի ձևավորմանն ու զարգացմանը, միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրմանն աջակցելը.
գիտության բնագավառի հայեցակարգերի, ռազմավարությունների, զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակումը և մոնիթորինգը.
գիտական և գիտատեխնիկական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
գիտության համակարգի գործունեության որակի և արդյունավետության մոնիթորինգը.
գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունքի առևտրայնացմանը և տնտեսության մեջ ներդրմանն աջակցելը:

Կոմիտեի գործառույթներն են`

գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության ու գիտության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի մշակումը.
գիտության բնագավառի կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի մշակումը.
գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրերի մշակումն ու դրանց իրականացման կազմակերպումը.
գիտական և գիտատեխնիկական ներուժի կառուցվածքի բարելավման ու օգտագործման արդյունավետության բարձրացման ծրագրերի մշակումը, գիտական կադրերի պատրաստման նպատակով ուսումնասիրությունների իրականացումը և պետական պատվերի ձևավորման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.
փորձաքննության բնագավառի իրավական ակտերի նախագծերի մշակումը.
փորձաքննության կազմակերպիչներին և փորձագետներին առաջադրվող պահանջների սահմանումը.
փորձաքննության բնագավառում պետական հավատարմագրման կարգի և չափանիշների մշակումը.
պետական փորձաքննության մեթոդական և կազմակերպատեխնիկական հիմքերի մշակումն ու հաստատումը.
փորձաքննության բնագավառում միջազգային համագործակցության պայմանագրերի կնքումը.
իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը մասնակցությունը.
գիտության, կրթության և արտադրության ինտեգրմանն ուղղված գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացման կազմակերպումը.
գիտության բնագավառի հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը սահմանված կարգով մասնակցությունը.
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներուժի համախմբմանն ուղղված ծրագրերի մշակումը և իրականացումը.
օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, սահմանված կարգով վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.
իր իրավասության սահմաններում գիտության բնագավառի բյուջետային գործընթացի իրականացումը.
կազմակերպում է ռազմատեխնիկական ծրագրերի մշակումը, փորձաքննության և իրականացման մոնիտորինգի (մշտադիտարկման) կազմակերպումը` Ռազմարդյունաբերական կոմիտեի և համապատասխան պետական մարմինների հետ.
իրականացնում է գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքում, գիտաչափական վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձևավորում և վարում.
Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

Գիտության կոմիտեի նախագահ` Հայոցյան Սարգիս Սամվելի
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Օրբելի եղբայրների փողոց 22
Կայք` www.scs.am
Էլ. փոստ` info@scs.am

Կանոնադրություն