
Բարձրագույն մասնագիտական կրթության նպատակը բարձր մասնագիտական որակավորման կադրերի պատրաստումն ու վերաորակավորումն է, միջնակարգ ընդհանուր և միջին մասնագիտական կրթության հիմքի վրա անձի` կրթության զարգացման պահանջմունքների բավարարումը:
Բարձրագույն մասնագիտական կրթությունը առնվազն միջնակարգ կրթության հենքի վրա բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի ծրագրերով իրականացվող մասնագիտական կրթություն է:
Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել անընդհատ և (կամ) ընդհատումներով՝ ըստ աստիճանների:
Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգ:
Ամփոփիչ ատեստավորումն անցած անձին շնորհվում է`
1) առաջին աստիճանում` բակալավրի որակավորում,
2) երկրորդ աստիճանում` մագիստրոսի որակավորում:
Հայաստանի Հանրապետությունում պահպանվում է նաև դիպլոմավորված մասնագետի որակավորումը:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի ուսուցման տևողությունն է`
1) բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարի, ոստիկանական կամ զինվորական մասնագիտությունների համար` առնվազն 3 տարի (ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է բակալավրի դիպլոմ),
2) դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 5 տարի, (ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ),
3) մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 1 տարի (ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է մագիստրոսի դիպլոմ),
4) բժշկական մասնագիտությունների համար կրթության տևողությունը սահմանվում է առնվազն 5 տարի` անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, որի արդյունքում շնորհված կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ակադեմիական տեղեկանք:
Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսուցման տարբեր ձևերով` առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի): Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու առկա և այլ ձևերի զուգակցումը չի արգելվում:
Այն մասնագիտությունների ցանկը, որոնցով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը չի թույլատրվում հեռակա, հեռավար (դիստանցիոն) կամ դրսեկության (էքստեռնատի) ձևերով, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետևյալ տեսակները.
1) համալսարան.
2) ինստիտուտ.
3) ակադեմիա.
4) կոնսերվատորիա և այլն:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2023/2024 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկ
Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգ
Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման օրինակելի կարգ
Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկ
Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակ
ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկ
ՀՀ ինստիտուցիոնալ հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկ
Բարձրագույն կրթության Որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրեր