Ադապտիվ սպորտ` ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի տեսակ է, որի հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց մեջ սպորտային մշակույթի ձևավորումը, նրանց մարզական բարձր վարպետության և բարձր նվաճումների ձեռքբերումն է: Ադապտիվ սպորտն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում՝ մտավոր խնդիրներ ունեցող անձանց) պահանջների բավարարմանը, նրանց կարողությունների սահմաններում առավելագույնս ինքնադրսևորմանը, հասարակությանը ինտեգրմանը և սոցիալականացմանը: Եթե ֆիզիկական դաստիարակությունը ստեղծում է ֆիզիկական ունակությունների և շարժողական հմտությունների համար բազմակողմանի զարգացման սկզբնական բազա, նախապայմաններ շարժողական բազայի ձևավորման համար, ապա ադապտիվ սպորտը նպաստում է այս հնարավորությունների ամբողջական բացահայտմանը: Ադապտիվ սպորտը հաշմանդամություն ունեցող անձին սովորեցնում է հաղթել և արժանապատվությամբ պարտվել, նպաստում է նրա ֆիզիկական և բարոյական զարգացմանը և կատարելագործմանը, ձևավորում է աշխատասիրություն, ստիպում է կողմնորոշվել լարված, երբեմն` էքստրեմալ իրավիճակներում: Սպորտում հաշմանդամություն ունեցող անձը ստանում է ինքնադրսևորման և ինքնակատարելագործման հնարավորություն:

Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա` մարզական-առողջարարական միջոցառումների համալիր, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը, հասարակական գործընթացների մեջ նրանց ներգրավման պայմանների հեշտացումն ու կյանքի որակի բարձրացումն է: Ադապտիվ ֆիզիկական կուլտուրան, լինելով ֆիզիկական և համամարդկային կուլտուրայի մասը, իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց հոգևոր և ֆիզիկական զարգացման կարևոր սոցիալական և մանկավարժական գործառույթներ:

Ադապտիվ ֆիզիկական դաստիարակություն` ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի տեսակ է, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը: Ադապտիվ ֆիզիկական դաստիարակությունն անհրաժեշտ նախադրյալ է զանգ-վածային սպորտով զբաղվելու և պարտադիր պայման` անհատի ֆիզիկական կուլտուրայի ձևավորման համար, որը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի գործունեության արժևորված կողմնորոշում, կազմակերպվածություն, նպատակաուղղվածություն: Ադապտիվ ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց մեջ ձևավորել վստահություն իրենց ուժերի նկատմամբ: Ադապտիվ ֆիզիկական դաստիարակությունը ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասսայական տեսակն է:

Ադապտիվ սպորտի համաշխարհային փորձը կեսդարյա պատմություն ունի և զարգանում է հիմնականում իրարից անկախ երեք ուղղություններով՝ պարալիմպիկ, սուրդլիմպիկ և հատուկ օլիմպիական:
Պարալիմպիկ շարժումը ադապտիվ սպորտի ամենազարգացած ուղղությունն է: Պատահական չէ, որ սկսած 1960 թվականից՝ պարալիմպիկ խաղերն անցկացվում են օլիմպիական խաղերից անմիջապես հետո՝ հենց նույն երկրում և նույն մարզական կառույցներում: Պարալիմպիկ շարժման առաջընթացը նկատվում է սպորտի բարձրագույն նվաճումների ոլորտում, այսպես կոչված էլիտար սպորտում:

Լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար անցկացվում են սուրդլիմպիկ խաղեր: Սուրդլիմպիկ խաղերը օլիմպիական խաղեր են լսողության խնդիրներ ունեցողների համար: Սուրդլիմպիկ միջազգային շարժումը ճանաչված է միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից:

Մտավոր խնդիրներ ունեցողների համար անցկացվում են հատուկ օլիմպիական խաղեր (Special Olympics): «Հատուկ օլիմպիադա» միջազգային շարժումը ևս ճանաչված է միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից:
Այս երեք ուղղությունները զարգացած են աշխարհում:

-----------------

2015 թվականից սկսած՝ ադապտիվ սպորտում բարձր արդյունքների հասած մարզիկներին, նրանց մարզիչներին, բժիշկներին շնորհվում են դրամական մրցանակներ, իսկ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկները և նրանց մարզիչները ստանում են անվանական թոշակ:

ՀՀ պետական բյուջեի (1041 ծրագրի 11003 «Ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններ) իրականացվում է պետական աջակցություն հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպություններին, որոնք ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով օգնում են հենաշարժական համակարգի, տեսողության, լսողության հետ կապված խնդիրներ ունեցող, մտավոր խանգարումներով մարդկանց՝ ինքնադրսևորվելուն և հասարակության մեջ լիարժեք ինտեգվելուն:
Վերը նշված հասարակական կազմակերպություների մարզիկները, մասնակցելով տարբեր միջազգային մրցաշարերի, հասել են որոշակի հաջողությունների հանրապետությունում և նրա սահմաններից դուրս և արժանացել մեդալների ու մրցանակների նաև վերոնշյալ ծրագրի միջոցառումների իրականացման արդյունքում:
Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը պետական բյուջեի միջոցներով են մասնակցում նաև պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերին, խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնություններին:


ՈՐՈՇՈՒՄՆԵՐ, ՀՐԱՄԱՆՆԵՐ