Հայաստանի Ամերիկյան համալսարանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ 2019 թվականից իրականացնում է միջին և ավագ դպրոցներում «Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ կրթության բարելավման եռամյա ծրագիր, որն առավել հայտնի է «ԳիտՍԵՐունդ» անվամբ։ Ծրագրի նպատակն է ԲՏՃՄ առարկաներն աշակերտների համար դարձնել հետաքրքիր և հաղթահարելի՝ այդպիսով մեծացնելով այդ ոլորտներում մասնագիտանալ ցանկացողների թիվը։

Այսօր տեղի է ունեցել ծրագրի 2-րդ փուլի մեկնարկին նվիրված առցանց միջոցառում, որին մասնակցել են ծրագրում ներգրավված ուսուցիչները և փորձագետները։ Միջոցառման մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Էրիկա Քինգը:

ԿԳՄՍ փոխնախարարը կարևորել է «ԳիտՍԵՐունդ» ծրագիրը՝ կարողությունների զարգացման գործընթացում շեշտադրելով մարզերի ուսուցիչների ներգրավման հնարավորությունը. «Խորհրդանշական է, որ ծրագրի 2-րդ փուլը մեկնարկում է հանրակրթության պետական չափորոշչի հաստատումից հետո, որով հստակ ամրագրվում է պետության կրթական քաղաքականությունը, մասնավորապես, ԲՏՃՄ ուղղությունը զարգացնելու և կրթական արդյունքը բազմապատկելու առումով: Հետևաբար պետական քաղաքականության և այս ծրագրի միջև կապն ակնհայտ է, և ինչ-որ առումով ծրագիրը կարող է դառնալ չափորոշչի փորձարկման, ինչպես նաև մարդկային կարողությունների զարգացման հրաշալի հարթակ»:

Փոխնախարարը նաև կարևորել է, որ ծրագրի շրջանակում մշակված ռեսուրսներն այս տարի հասանելի են դառնալու «ԳիտՍԵՐունդ»-ի հարթակում, որը մեծ շտեմարան ու հանրային բարիք կհանդիսանա հանրապետության ուսուցչական համայնքի շարունակական զարգացման և ռեսուրսների թարմացման համար: Միջոցառման մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է ներդնել բոլոր ջանքերը՝ ծրագրի հաջող տարածման, ընդլայնման և արդյունքների շարունակական զարգացման համար:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են «Ուսումնառության պլանավորում» և «Ակտիվ ուսումնառություն ու դրա մեթոդները» դասընթացները: Նշվել է, որ ծրագրի հիմնական ուղղություններից է դասավանդման և ուսումնառության համար նոր տեսակի ռեսուրսների մշակումը։ Դրանցում ներկառուցված են ժամանակակից մանկավարժական պրակտիկաներն ու գաղափարները, որոնք հիմնված են ակտիվ ուսումնառության սկզբունքների վրա։ Նախորդ տարվա ընթացքում, չնայած համաճարակին, ծրագրի շրջանակում իրականացվել է 15 աշխատարան։ ՀՀ տարբեր մարզերի հանրակրթական դպրոցների 20 ուսուցիչ մասնակցել է արդի դասավանդման մոտեցումների վերաբերյալ քննարկումներին և դրանք կիրառել մշակված շուրջ 300 դասի ընթացքում։

Այդ ռեսուրսները փորձարկվել են նաև ծրագրի ամառային առցանց գիտական ճամբարներում, որոնցում ներգրավված է ՀՀ բոլոր մարզերից շուրջ 600 սովորող։ Ճամբարներում մշակված ռեսուրսներով դասավանդել է հանրակրթական դպրոցների շուրջ 110 ուսուցիչ։ Ռեսուրսների հեղինակները դիտարկել են դասերը և քննարկումների արդյունքում բարելավել մշակած ռեսուրսները։ Ճամբարներում արդյունավետ ներդրվել և բարձր են գնահատվել ուսուցչի օգնականների աշխատանքը և ինստիտուտը։ Ուսուցչի օգնականի դերում հանդես են եկել ԲՏՃՄ ոլորտում ՀՀ և արտասահմանյան բուհերում սովորող երիտասարդներ։ Ճամբարների ընթացքում հաջողությամբ իրականացվել են նաև մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ, որտեղ Հայաստանի և արտերկրի մի շարք ուսանողներ, փորձագետներ և երիտասարդ գիտնականներ աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին մատչելի ներկայացրել են ԲՏՃՄ ոլորտի այնպիսի արդի և պահանջված մասնագիտություններ, ինչպիսիք են տվյալագիտությունը, կենսաինֆորմատիկան, նյութագիտությունը, գենետիկական ինժեներիան և այլն։

Ներկայում ուսուցիչների թիմը շարունակում է ռեսուրսների մշակման աշխատանքները և առաջիկա ամսվա ընթացքում պլանավորում ավարտին հասցնել ԲՏՃՄ առարկաներից ևս 600 ռեսուրսների մշակումը։ Այդ բոլոր ռեսուրսները անվճար հասանելի կդառնան ծրագրի հարթակում, որի թողարկումը նախատեսվում է 2021 թվականի գարնանը։ 2-րդ տարվա աշխատանքներում կներգրավվեն նոր ուսուցիչներ, որոնք կշարունակեն ռեսուրսների մշակման աշխատանքները՝ համալրելով հանրակրթական պետական և առարկայական նոր չափորոշիչներին համապատասխան մշակվող ռեսուրսների շտեմարանը։