Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և ՌԴ ֆինանսների նախարարության հրավերով ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության երկրներում ֆինանսական կրթությանը նվիրված համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ֆինանսական կրթության քաղաքականության իրականացման շրջանակում համաժողովի ընթացքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների փորձի փոխանակում, գործողության պլանի և առաջնահերթությունների քննարկում:

Լուսինե Առաքելյանը, ներկայացնելով Հայաստանի փորձը, նշել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդիպման մասնակից երկրների շարքում միակն է, որը ֆինանսական կրթության իրականացման վերահսկողության մեխանիզմներ ունի և պետական մակարդակով ուշադրության կենտրոնում է պահում այս հարցը: Նրա խոսքով՝ Հայաստանը միակն է նաև, որտեղ ֆինանսական կրթություն է դասավանդվում ոչ թե արտաուսումնական կամ արտադասարանական ծրագրերով, այլ՝ ինտեգրված պարտադիր առարկաների ծրագրի մեջ: Համաժողովի մասնակիցները ողջունել են այդ փաստը՝ առաջարկելով այն ներդնել նաև մասնակից երկրների համապատասխան ծրագրերում:

Նշվել է, որ ծրագիրն իր ակնկալվող սոցիալ-տնտեսական ազդեցությամբ հարում է տնտեսական զարգացման ռազմավարությանը, որի արդյունքում կապահովվի հավելյալ տնտեսական ակտիվություն ինչպես կրթության, այնպես էլ հարակից ոլորտներում: Ծրագրի իրականացման շարունակականությունը կհանգեցնի մտածելակերպային փոփոխության, կդաստիարակի նոր՝ ստեղծարար արժեքներ, որոնք կբարելավեն սոցիալական արժեհամակարգը երիտասարդների շրջանում:

Համաժողովի ընթացքում անդրադարձ է եղել ֆինանսական գրագիտության, (այդ թվում՝ ներառական մակարդակում) զարգացման, ֆինանսական կրթության ազգային ռազմավարության մշակման, դպրոցների և արտադպրոցական նախաձեռնությունների միջոցով երիտասարդների ֆինանսական գրագիտության կարիքների գնահատման, միգրանտների և նրանց ընտանիքների ֆինանսական գրագիտության կարիքների բացահայտման և բավարարման ուղղությամբ նախատեսվող զեկույցներին: