ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին փաթեթը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ փոփոխությունների փաթեթը պայմանավորված է մի շարք ուղղություններով հստակ կարգավորումներ ունենալու պահանջով: Առաջինը փոփոխությունը վերաբերում է ներառական կրթությանը, և նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել նախադպրոցական ոլորտում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը:

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումներին. նախատեսվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ պարտադիր վերապատրաստման պահանջ սահմանել, ինչը թույլ կտա նրանց շրջանում ևս ապահովել կարողությունների շարունակական զարգացում:

Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ երրորդ ուղղությունը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի ստացմանը: Գործող օրենքով պարտադիր պահանջ էր վերապատրաստում ու դրանից հետո նոր միայն հավաստագրում. առաջարկվել է հանել պարտադիր վերապատրաստման պահանջը:

Չորրորդ ուղղությունը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարմանը: Փոխնախարարի խոսքով՝ իրականացված վերլուծության համաձայն՝ տնօրենների շուրջ 65 տոկոսը պաշտոնավարում է անորոշ ժամկետով պայմանագրերի հիման վրա, հետևաբար ժամկետի հստակեցման կարիք կա: Ըստ առաջարկվող փոփոխության` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարները կկարողանան մինչև 2024 հունիսի 1-ն առանց հավաստագրի պաշտոնավարել:

Հինգերորդ ուղղությունը վերաբերում է զարգացման կենտրոնների և նախադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպությունների լիցենզավորման գործընթացին. լիցենզավորման ժամկետն առաջարկվել է երկարաձգել մինչև 2023 դեկտեմբերի 10-ը:

Զեկույցից հետո Արաքսիա Սվաջյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով խնամքի կենտրոնների լիցենզավորման, նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների պաշտոնավարման և մի շարք այլ խնդիրների:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովի նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկվել է նաև պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի հեղինակած ««Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող կարգավորմամբ ֆիլմարտադրողի (ներդրողի) ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների և ծառայությունների համար կատարված դրամական ծախսերը կարող են մասնակի հետ վերադարձվել` ծախսային մինչև 20 տոկոսի հաշվարկով: Ըստ նախագծի` ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու չափը, հատկացման համամասնությունը և ժամկետները, վերադարձի ենթակա ծախսումները հիմնավորող փաստաթղթերի ցանկն ու ձևաչափը, ինչպես նաև վերադարձը մերժելու, դադարեցնելու և պետական բյուջե հետգանձում կատարելու (վերադարձնելու) և բողոքարկելու ընթացակարգերը կսահմանվեն Կառավարության որոշումով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ այս տարի, երբ նշվում է հայ կինոյի 100-ամյակը, հնարավորություն կա օրենսդրական այնպիսի մեխանիզմներ ունենալ, որոնք կինոարտադրության ոլորտի զարգացման նոր փուլ կբացեն: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում շրջանառության մեջ կդրվի օրենքից բխող ենթաօրենսդրական փաթեթ` հույս հայտնելով, որ դրանց միասնաբար իրականացումը կստեղծի ինստիտուցիոնալ հնարավորություններ:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: