ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգի նախագիծը:

Համաձայն նախագծի՝ այլընտրանքային է համարվում հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ու կարողունակություններն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիրը։

Այլընտրանքային կրթական ծրագրերն են՝

  • հեղինակային կրթական ծրագիր (ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հեղինակած և օրենսդրությամբ սահմանված կարգով՝ որպես հեղինակային երաշխավորված հանրակրթական ծրագիր),
  • փորձարարական կրթական ծրագիր (Հանրակրթության մասին օրենքով սահմանված կրթական աստիճանի առավելագույն տևողությամբ ներդրված հանրակրթական ծրագիր),
  • միջազգային կրթական ծրագիր (միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող հանրակրթական ծրագիր):

Այլընտրանքային կրթական ծրագիրը՝ որպես երաշխավորված հանրակրթական ծրագիր, ենթակա է գործածության կարգի պահանջներին համապատասխան փորձաքննության ներկայացնելուց, դրական եզրակացություն ստանալուց և ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվելուց հետո:

Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն, որն ընդգրկում է այլընտրանքային կրթական ծրագրի ամբողջական վերլուծությունը՝ կարգով սահմանված պահանջներին համապատասխան: Այն ներառում է փաստարկներ և հիմնավորումներ նյութի բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող չափանիշներին և ցուցիչներին (գիտականություն, մատչելիություն և մանկավարժական, մեթոդական, լեզվաոճական և այլ բնութագրիչներ) համապատասխանության վերաբերյալ:

Այլընտրանքային կրթական ծրագրի փորձաքննությունն իրականացնում է մանկավարժի որակավորում շնորհող բուհը՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, համապատասխան ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների և հանրակրթական, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ԳԱԱ գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ կամ մրցութային եղանակով կարող է պատվիրակվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

Պատվիրատուի տրամադրած փորձարարական կրթական ծրագիրը ներկայացվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն՝ փորձաքննության, որի դրական եզրակացության հիման վրա ծրագիրը երաշխավորվում է գործածության: Կրթական աստիճանի տևողությամբ փորձարարական կրթական ծրագրի գործարկման ժամանակահատվածում ԿԶՆԱԿ-ը յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ իրականացնում է մշտադիտարկում՝ ուսուցման կազմակերպման ձևի, բովանդակության, մեթոդաբանության, նպատակաուղղվածության վերաբերյալ: ԿԶՆԱԿ-ը կրթական ծրագրի ներդրման սահմանված ժամկետի ավարտին ներկայացնում է ամփոփիչ եզրակացություն, որը դրական լինելու դեպքում կարող է որպես հեղինակային ծրագիր ներկայացվել երաշխավորման՝ ըստ կրթական աստիճանների:

Միջազգային կրթական ծրագիրը ճանաչվում է գործածության ենթակա, եթե առկա են հավաստի տեղեկություն՝ տասը և ավելի օտարերկրյա պետություններում որպես հանրակրթական ծրագիր իրականացվելու մասին, միջպետական նախնական համաձայնություն, ինչպես նաև համապատասխան դրական եզրակացություն:

Փորձագիտական դրական եզրակացության հիման վրա ԿԳՄՍ նախարարի հրամանով ներկայացված ծրագիրը երաշխավորվում է գործածության: Բացասական կարծիքի դեպքում ծրագիրը վերադարձվում է ներկայացնողին` կցելով եզրակացությունը և հիմնավորումները:

Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 29-ը: