ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը:

ՌԴ պատվիրակության կազմում էին նահանգի երիտասարդության հարցերի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Դմիտրի Գրիգորյանցը, կրթության նախարարի տեղակալ Ելենա Կորչագինան, Օմսկի պետական​​ մանկավարժական համալսարանի ռեկտոր Իվան Կրոտտը և այլք:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական ​​հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը։ Նախարարը փաստել է՝ համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունն ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

«Մենք շատ ընդհանրություններ ունենք, և վստահ եմ, որ համագործակցության համատեղ հարթակների ստեղծումը լավ հնարավորություն կլինի նաև երիտասարդների միջև շփման տեսանկյունից»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ կառուցողական երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնելով: Նախարարը կարևորել է նաև Օմսկի մեր հայրենակիցների՝ մայրենի լեզվով ուսուցման, ինչպես նաև համապատասխան դասագրքերով ապահովման հնարավորությունը:

Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Օմսկի նահանգում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող գործընթացները՝ առաջարկելով համագործակցության տարբեր ձևաչափեր: Նրա խոսքով՝ Օմսկի բուհերում սովորող շուրջ 80 հազար ուսանողներից 11 հազարն օտարերկրացի է, այդ թվում՝ ՀՀ-ից: Ալեքսանդր Բուրկովը շեշտել է Հայ-ռուսական համալսարանի և ՀՀ այլ բուհերի հետ համագործակցության կարևորությունը: Նա նաև անդրադարձել է նահանգի բուհերում հայագիտական կենտրոնի ստեղծման հնարավորությանը, ներկայացրել Օմսկի հայկական դպրոցի գործունեությունը: Նահանգապետը կարևորել է հայկական սփյուռքի ներուժը և ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Օմսկի միջև իրականացվող համագործակցության ծրագրերում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև մասնագիտական կրթության և ուսուցման, սպորտի և մշակույթի ոլորտներում համագործակցությանը, մասնավորապես՝ համատեղ մարզական միջոցառումների անցկացման և երկու երկրներում թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությանը:

Նշենք, որ ՀՀ կատարած այցի ընթացքում պատվիրակության անդամները կայցելեն Վ. Բրյուսովի անվան պետական և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններ, «Օլիմպավան» մարզաառողջարարական կենտրոն և Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ: