ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, պետական-քաղաքական գործիչ, տնտեսագետ և գրող Վարուժան Ոսկանյանին:

Հանդիպմանը ներկա էր նաև Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը։

«Մեզ համար մեծ պատիվ է ընդունել Ձեզ: Ուրախ եմ, որ հայ-ռումինական կապերի զարգացմանը, ինչպես նաև Ռումինիայում հայ համայնքի գործունեությանը նպաստող մշակութային և կրթական նախագծերի իրականացման վերաբերյալ հարցերը Ձեզ հետ քննարկելու հնարավորություն ունենք: Վստահ եմ, որ մեր հետագա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալը կարևորել է այն իրողությունը, որ Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչները շարունակեն ակտիվորեն մասնակցել սփյուռքահայ մանկավարժների համար իրականացվող վերապատրաստման ծրագրերին, համահայկական կրթական խորհրդաժողովին և առհասարակ պետության կողմից կրթության և մշակույթի ոլորտներում սփյուռքին ուղղված ծրագրերին։

Հանդիպման ընթացքում Վարուժան Ոսկանյանը որոշ կենսագրական տվյալներ է ներկայացրել իր քաղաքական և հասարակական գործունեության վերաբերյալ, անդրադարձել է Ռումինիայի հայ համայնքի խնդիրներին և իրականացվող ծրագրերին։ Կրթական խնդիրների համատեքստում նա կարևորել է ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման, ռումիներենից հայերեն և հայերենից ռումիներեն դասական ու ժամանակակից գրականության թարգմանության հարցերը՝ հատկապես ընդգծելով մասնագիտացված թարգմանիչների հարցը։

«Ռումինիայի հայ համայնքը խոշորագույններից մեկն է, որը բավականին ակտիվ է, իսկ ամենակարևորը՝ միասնական: Հայ համայնքը վայելում է Ռումինիայի կառավարության հարգանքը, համայնքի խոսքը հասանելի և լսելի է պետության կողմից, ինչը շատ կարևոր է: Ընդհանրապես Ռումինիայի իշխանությունները շատ հայանպաստ դիրքորոշում ունեն»,- նշել է Վարուժան Ոսկանյանը:

Կողմերը քննարկել են նաև Բուխարեստի համալսարանում գործող հայագիտական կենտրոնի գործունեության զարգացման և ռումինահայ կրթամշակութային կյանքին առնչվող այլ հարցեր։

Հավելենք, որ Վարուժան Ոսկանյանը ռումինահայ պետական-քաղաքական գործիչ է, տնտեսագետ, գրող։ Նա եղել է Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարը (2006-2008 թթ., 2012-2013 թթ.)։ 1990 թվականից Ռումինիայի հայոց միության նախագահն է, 2005 թվականից էլ Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահն է: Վարուժան Ոսկանյանի գրքերը թարգմանվել են 18 լեզվով: