ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունները և դասընթացները ցանկում ընդգրկելու համար:

Մրցույթն անցկացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի ապրիլի 11-ի N 15-Ն հրամանով հաստատված «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման» կարգի դրույթների:

Հաստատության` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների ընտրությունն իրականացնում և ուսուցիչների վերապատրաստման ոլորտում դրանց գործունեությունը 3 տարի ժամկետով երաշխավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:

Կազմակերպությունը և դասընթացը ցանկում ընդգրկվում են վերոնշյալ կարգի համաձայն՝ գնահատման արդյունքների հիման վրա՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով: Կազմակերպությունը և դասընթացը կարող են ճանաչվել երաշխավորված՝ դրանց ներկայացվող չափանիշներին համապատասխանելու դեպքում: Կազմակերպությունը կարող է երաշխավորվել վերապատրաստման՝ ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաժնի մասով։

Կազմակերպությունը վերապատրաստում կիրականացնի՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի մարտի 4-ի «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» N 367-Ա/2 հրամանով սահմանված պահանջների:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փաստաթղթերն ուղարկել secretariat@escs.am էլ. հասցեին 2022 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 7-ը՝ ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-18:00-ն՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

Չափանիշներին և պահանջվող փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/12443: