Հայաստանում գործող ոչ պետական 22 դպրոցներ նախատեսում են ստեղծել իրենց շահերն ու միասնական մոտեցումը ներկայացնող միություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է այդ դպրոցների մոտ մեկ տասնյակ ներկայացուցիչների։

Նախարարի տեղակալը, ողջունելով միություն ստեղծելու նախաձեռնությունը, վստահեցրել է, որ նախարարությունը կանի առավելագույնը՝ արդյունավետ համագործակցության և ոլորտում առկա խնդիրների լուծման համատեղ ուղիներ գտնելու համար։

Հանդիպման ընթացքում դպրոցների ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե ինչպես է կազմակերպվելու դասապրոցեսը նոր ուսումնական տարում։ Ժ. Անդրեասյանը նշել է, որ այս պահին կա ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար, որոնք քննարկվում են պարետատան հետ:
«Առաջին և մեզ համար ամենաանցանկալի տարբերակն ուսումնական տարին հեռավար սկսելն է: Երկրորդ տարբերակը բոլոր դպրոցներում դասերի վերսկսումն է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ երրորդ՝ ամենաարդյունավետ առաջարկը տարբերակված ուսուցմանն անցնելն է՝ հաշվի առնելով, որ մենք ունենք աշակերտների տարբեր թվով դպրոցներ»,-հայտնել է փոխնախարարը և նշել, որ այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական պրոցեսի կազմակերպման հարցում խնդիրներ չեն լինի։

Ոչ պետական դպրոցների ներկայացուցիչները ողջունել են Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի՝ երկար սպասված վերանայման գործընթացը։ Նրանք նշել են, որ աջակցում են այդ գործընթացներին, պատրաստ են օգտակար լինել, քանի այդ ամենը խթանում է դպրոցների ինքնուրույնությանը։ «Ի վերջո, մատ թափ տվող ուսուցիչների փոխարեն ունենալու ենք ստեղծարար, իրենց աշխատանքը սիրով կատարող մանկավարժներ»,-ասել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մելանյա Գեղամյանը։

Հանդիպման ընթացքում ոչ պետական դպրոցների ներկայացուցիչները նաև բարձրացրել են իրենց հուզող այլ հարցեր։ Նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանը խոստացել է քննարկել և հնարավորության դեպքում լուծումներ առաջարկել։