«Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում՝ հունիսի 29-ին «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, պատանի ջութակահար Անի Մելիքյանին տրամադրվել է ջութակ: «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի նպատակն է ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական բազայի համալրում, պետական աջակցության ներքո մշտապես գործող երաժշտական գործիքների հավաքածուի ստեղծում և շարունակական համալրում, սոցիալապես անապահով երեխաների աջակցում՝ տրամադրելով ժամանակավոր օգտագործման համար երաժշտական գործիքներ, ապահովելով նրանց մշակութային կրթություն ստանալու իրավունքը, ինչպես նաև շնորհալի, տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների ապահովում երաժշտական գործիքներով` խթանելով նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը, երաժշտակրթական ծառայությունների ընդլայնում՝ մասնագիտական նոր դասարանների բացում հանրապետության, հատկապես, հեռավոր մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցներում, նոր աշխատատեղերի բացում: Ծրագրի շրջանակում երաժշտական գործիքներ են տրամադրվում հիմնականում ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին: Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա: Ծրագրի իրականացմամբ երաժշտության ու արվեստի դպրոցներում կբացվեն մասնագիտական նոր դասարաններ, որոնց շրջանավարտները կապահովեն տվյալ մասնագիտության դիմորդների պահանջարկը՝ միջին և բարձրագույն կրթական հաստատություններում, որոնք հետագայում կհամալրեն սիմֆոնիկ, կամերային, ժողովրդական նվագախմբերը բարձրորակ երաժիշտ-կատարողներով: Կբացվեն երաժիշտ-մանկավարժների, գործիք-վերանորոգողների նոր աշխատատեղեր՝ նպաստելով բնակչության զբաղվածության խնդրի լուծմանը: Ընդհանուր առմամբ՝ 2013-2019 թթ. ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 590 երաժշտական գործիք: 2020 թ. նախատեսվում է ձեռք բերել 73 երաժշտական գործիք: