Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակում քաղաքացիների մշակութային կյանքն ու ժամանցն ապահովելու համար ԿԳՄՍՆ-ի ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները, թանգարանները և գրադարանները շարունակում են հեռավար ծրագրերը և նոր նախաձեռնությունները:

Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ներկայացրել է մշակութային կառույցների գործունեությունը՝ ուղղված կրթամշակութային կյանքի ակտիվ պահպանմանը:

  • Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ 2020 թ. մարտի 6-ին մեկնարկել է «Չտեսնված կինո» խորագրով հաղորդաշարը, որի շրջանակում յուրաքանչյուր ուրբաթ ցուցադրվում է հետխորհրդային Հայաստանում նկարահանված լիամետրաժ խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր:
  • Մարտի 27-ին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ազդարարել է նախարարության և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի համատեղ «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագրի հեռավար տարբերակի մեկնարկի մասին: Ծրագիրն այժմ ներկայացվում է առցանց հարթակում, որին հնարավորություն ունեն մասնակցելու ՀՀ մարզերի, համայնքների, մայրաքաղաքի բոլոր դպրոցների աշակերտները՝ մինչև մայիսի 22-ը:
  • Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավանությամբ, webtv.am youtube-յան մշակութային հեռուստաալիքում ստեղծվել է #ԱմենԻնչՄուլտիՄասին նախագիծը: Արդեն իսկ 14 լավագույն հայկական մուլտեր և անիմացիոն ֆիլմեր կարող եք դիտել մեկ հարթակում:
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն արտակարգ դրության պայմաններում «ԴասԱ» ծրագիրն արդեն իրականացնում է առցանց, և յուրաքանչյուր օնլայն հեռարձակվող համերգից առաջ աշակերտներին ներկայացնում է ճանաչողական տեսանյութ տվյալ համերգի վերաբերյալ։
  • Ստեղծվել է «Մշակութային կորոնադադար» խորագրով հաղորդաշարը, որի ընթացքում նկարահանող խումբը, նախարարի ուղեկցությամբ, շրջում է մշակութային հաստատությունների՝ հանրությանն անծանոթ վայրերով:
  • Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ մեկնարկել է «Առականի» առցանց նախագիծը, որի շրջանակում թատրոնի դերասանները պատմում են առակներ, քննարկումներ ծավալում, այնուհետև, երեխաներին առաջարկում են՝ տանը, ծնողների հետ շարունակել քննարկումները և թատրոնի ֆեսյբուքյան էջում թողնել մեկնաբանություններ՝ քննարկումների արդյունքում ձևավորված եզրակացությունների վերաբերյալ:
  • Նկարահանվել է և շուտով կմեկնարկի «Քո սերնդակիցը» նախագիծը, որի նպատակն է՝ պատանիներին ներկայացնել լուրջ հաջողությունների հասած իրենց սերնդակիցներին, ներարկել այն միտքը, որ անգամ վաղ հասակից կարելի է հասնել հանրային և միջազգային ճանաչելիության՝ տքնաջան աշխատանքի և նվիրումի շնորհիվ։
  • ԿԳՄՍ նախարարության ենթակայության թատրոններն առցանց տիրույթում ներկայանում են պաշտոնական կայքէջերի, ֆեյսբուքի և ինստագրամի էջերով, շաբաթական կտրվածքով ներկայացնելով 5-6 ներկայացում:
  • Ինչպես նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն է նշել, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մարտի 17-ից մինչև ապրիլի 5-ը ֆեյսբուքի պաշտոնական էջում ցուցադրել է 6 ներկայացում:Միայն Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մասին պատմող նյութերն ունեցել են 326000դիտում: Նշված ժամանակահատվածում ցուցադրված նյութերի ընդհանուր դիտումների քանակը կազմել է 840000: Թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հետևորդների թիվը արտակարգ դրության ժամանակահատվածում ավելացել է 5000-ով:
  • Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների լավագույն տեսագրությունները հեռարձակվում են ֆեյսբուքյան էջով: Օրինակ ցուցադրվել է Վիվալդիի «Տարվա չորս եղանակները» ջութակի կոնցերտի կատարումը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, ջութակահար Խաչատուր Ալմազյանի և ՀԱՖՆ-ի կատարմամբ Ջիովաննի Սոլլիմայի “Tarantulae Cadenzas” ստեղծագործության հայաստանյան պրեմիերան և աշխարհահռչակ Գոտիե Կապյուսոնի համերգը և այլն:
  • «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն արդեն երրորդ շաբաթն է կազմակերպում է մոնոներկայացումների օնլայն ցուցադրություններ իր ֆեյսբուքյան տիրույթում: Թատրոնի ֆեյսբուքյան էջն ունի նաև նոր խորագիր, այն կոչվում է «Armmono Talking». զրույցներ տարբեր ոլորտի մասնագետների հետ` հոգեբան, դրամատուրգ, բեմադրիչ, նկարիչ և այլք։ Նշենք, որ սա նաև կրթական ծրագիր է:
  • «Զանգեզուր» /Կապան/, «Քյավառ» /Գավառ/, «Ալտ» /Արմավիր/, «Լոռի» /Վանաձոր/, «Ցայգ» /Գյումրի/, «Անկյուն+3» /Ալավերդի/ հեռուստաընկերությունները և «Մշակութային ալիք» կայքէջն արձագանքելով ԿԳՄՍ նախարարության առաջարկին՝ իրենց եթերներով նույնպես հեռարձակում են ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող կրթամշակութային ծրագրերը՝ ապահովելով դրանց հասանելիությունն ու տարածումը ՀՀ մարզերում և համայնքներում:
  • ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանները և գրադարանները իրենց ֆեյսբուքյան, Instagram-յան էջերում և կայքէջերում իրականացնում են #Տնից թանգարան, #Թանգարանըկգատուն, #Միջթանգարանային համագործակցություն, #Գրադարանըքոտանը, #Մնատանըգիրքկարդա և այլ հեշթեգներով առցանց ծրագրերը. ինտելեկտուալ հարցախաղեր տարիքային տարբեր խմբերի համար, ֆիլմերի ցուցադրություններ, առցանց քննարկումներ, հոդվածներ, հուշեր տարբեր արվեստագետների մասին, թանգարան-այցելու, գրադարան-ընթերցող առցանց համագործակցության ծրագրեր, ընթերցանություն, հեքիաթապատում, նկարչական, գրական, երաժշտական, անիմացիոն, խաղեր, մանկապատանեկան մրցույթներ, ճանաչողական ֆիլմեր, պրեմիերաներ, ցուցահանդեսներ, Quest – մրցույթներ, առցանց կրթական ծրագրեր և այլն: Թանգարաններից 16-ը ունեն նաև 360˚ վիրտուալ շրջայցերի հնարավորություն: Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Տնից թանգարան և գրադարան» խումբը, որտեղ մեկտեղվում են 25 թանգարանների և 12 գրադարանների կողմից առաջարկվող կրթական, ճանաչողական, ժամանցային ծրագրերը: