Ավագ դպրոցների ուսուցիչների, աշակերտների և ուսանողների մասնակցությամբ այսօր Երևանում մեկնարկել է «Կիբերանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ժամանակակից աշխարհում գրեթե բոլորն առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաներին, կիբերտիրույթին: «Այսօր շատ գիտնականներ կարծում են, որ երեխան պետք է ունենա տարրական հմտություններ՝ ինչպես վարվել կիբերտարածքում, որը իհարկե, կարևոր խնդիր է՝ և՛ անվտանգության, և՛ արդյունավետության, և՛ կրթության որակի և համապատասխանության տեսանկյունից: Իսկ երեխաների անվտանգության մասին խոսելիս, պետք է հաշվի առնել նաև վաղ մանկությունը։ Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում 3-4 տարեկան երեխաների 50 տոկոսն առնչվում է համացանցին, իսկ սա նշանակում է, որ պետք է ունենանք մատչելի և հասկանալի կարգավորումներ՝ կիբերտարածքում երեխաների անվտանգ վարքը և գոյակցումն ապահովելու համար»,-նշել է Ժ․ Անդրեասյանը՝ ընդգծելով, որ մանկավարժական մոտեցումները տարբեր են՝ տեխնոլոգիական կրթությունը սկսել ավելի շուտ տարիքի՞ց, թե՞ մինչև 12 տարեկանը ձեռնպահ մնալ դրանից:

«Այսօր կրթության ոլորտի բարեփոխումներից մեկը հանրակրթության բովանդակության, առարկայական չափորոշիչների, այդ թվում՝ հանրակրթության պետական չափորոշչի փոփոխության հարցն է, և դրա համատեքստում մենք քննարկում ենք նաև՝ ինչպես կազմակերպել տեխնոլոգիական կրթությունը հանրակրթության ոլորտում, որ մակարդակից և ինչպիսի արդյունք ակնկալել վերջում: Բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները հաշվի առնելու համար նախատեսում ենք այդ թեմայով նաև հանրային քննարկում կազմակերպել: Մենք երեխային պետք է զինենք համապատասխան գիտելիքով և հմտություններով, նրան բացատրենք այդ տարածքում գտնվելու բոլոր հնարավոր վտանգները»,-ընդգծել է նախարարի տեղակալը:

Արշավին մասնակցել են նաև ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը և «Յուքոմ» տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը։

Գևորգ Հայրապետյանը մասնակիցների համար պրոեկտել է անձնական տվյալների եզրույթը։ Նա նշել է, որ այն, ինչ ներբեռնում ենք համացանց, դա մեր՝ օգտատիրոջ որոշումն է, սակայն պետք է հաշվի առնել, որ հասանելի է ամբողջ աշխարհին ու հավերժ։ Հաշվի առնելով սա՝ պետք է մտածել, թե ի՞նչ տեսակի տեղեկատվություն ենք ներբեռնում համացանց։

Կարեն Գասպարյանը մանրամասն անդրադարձել է կիբերհիգիենայի կանոններին, մասնավորապես, ներկայացրել, թե առցանց գնումների ժամանակ ինչպիսի՞ բանկային քարտերով կատարել գնումները, ինչպե՞ս ստուգել խանութների իսկությունը, ինչպիսի՞ գաղտնաբառեր ունենալ սոց ցանցերում, ինչպե՞ս մաքրել համակարգիչն ու հեռախոսը վիրուսներից և այլն։

Միջոցառման հեղինակ և կազմակերպիչ, կիբերանվտագության մասնագետ Անահիտ Պարզյանը նշել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, աճում է նաև մեր կախվածությունը թվային գործիքներից, ուստի անհրաժեշտ է կրթվել ապահով լինելու համար:

Նշենք, որ «Կիբերանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը նպատակ ունի ուսուցիչներին, աշակերտներին և ուսանողներին ներկայացնել կիբեռտիրույթում առկա վտանգները և դրանցից պաշտպանվելու հիմնարար սկզբունքները։ Արշավի հիմնական թեմաներն են՝ կիբեռբուլինգ, կիբեռթրաֆիքինգ, անվտանգ օնլայն գնումներ, համակարգչային խաղեր, ինչպես նաև կիբեռհիգիենա։ Մասնակիցները կսովորեն նաև ձևավորել դրական թվային հետք, ինչը ներկա և ապագա հաջողության թվային ուղին է։

Միջոցառման աջակիցներն են՝ WARSAW Euro-Atlantic Summer Academy, College 0f Europe, Fulbright Poland, The German Marshal Fund of the United States, The Balkan Trust for Democracy, China-Eurasia Council for Political and Strategic Research Foundation, Polish American Freedom Foundation: