Մարտի 14-24-ը Լոնդոնում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ հայ բռնցքամարտիկներն այսօր վերջին մարզումն են անցկացրել «Օլիմպավան» մարզահամալիրում: Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու են Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), իսկ կանանց մրցաշարին մասնակցելու են Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ):

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը նախապատրաստական մարզումներից գոհ է, ակնկալում է, որ բռնցքամարտիկները նվազագույնը 3 և առավելագույնը 5 ուղեգիր կնվաճեն:

«Տարվա սկզբից մի շարք հավաքներ ենք անցկացրել: 16 օր մարզվել ենք Ծաղկաձորում, հետո մեկնել ենք Ուկրաինա ու համատեղ հավաք անցկացրել Լեհաստանի, Չեխիայի և Ուկրաինայի երկրորդ թիմերի հետ: Հավաքից հետո էլ բավականին արդյունավետ մրցումների ենք մասնակցել, տղաներից երկուսը պարտվեցին, մյուսները հաղթեցին: Օրեր առաջ ստուգողական մենամարտեր ենք անցկացրել, բռնցքամարտիկները լավ տպավորություն թողեցին: Ուղեգրերի քանակը պայմանավորված է մրցավայրից, վիճակահանությունից, մրցավարների օբյեկտիվությունից»,- ասում է Ռաֆայել Մեհրաբյանը:

Բռնցքամարտիկները ևս գոհ են նախապատրաստական փուլից և ընդգծում են՝ մարտական տրամադրվածությամբ են մեկնում Լոնդոն։ «Լավ մարզավիճակում եմ, քաշիս հետ կապված խնդիրներ էլ չունեմ: Խոչընդոտներ չկան. միայն հակառակորդներն են, որոնց պետք է հաղթեմ: Լոնդոն ենք մեկնում հաղթական, բարձր տրամադրությամբ, ինչ-որ տեղ նաև ագրեսիայով»,- ասում է Արման Դարչինյանը: «Բոլորս վստահ ենք մեր ուժերի վրա, գնում ենք ոչ միայն վարկանիշ ձեռք բերելու, այլև մրցաշարում հաղթելու համար»,- հավելում է Գոռ Ներսիսյանը:

Անուշ Գրիգորյանը և Անի Հովսեփյանը ևս մեծ ակնկալիքներով են պատրաստվել կարևոր ստուգատեսին: Հովսեփյանն ընդգծում է՝ չնայած առաջին անգամ է մասնակցելու Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարի, իրեն վստահ է զգում. «Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելու փորձ ունեմ, սակայն առաջին անգամ եմ մասնակցելու վարկանիշային մրցաշարի: Մեծ պատասխանատվություն եմ զգում, հույս ունեմ՝ սպասելիքներս կարդարանան: Վստահ եմ, որ լավ եմ հանդես գալու և Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն կունենամ»:

Հավելենք՝ Լոնդոնի մրցաշարում տղամարդկանց 52 կգ, 57 կգ և 63 կգ քաշային կարգերում խաղարկվելու է 8-ական ուղեգիր, 69 կգ, 75 կգ և 81 կգ քաշային կարգերում՝ 6-ական, 91 կգ և +91 կգ քաշայինները կպայքարեն 4-ական ուղեգրի համար, կանանց 51 կգ քաշայինները՝ 6, իսկ 69 կգ քաշայինները՝ 5: Բռնցքամարտում ուղեգրերն անվանական են: