Փետրվարի 23-ից մարտի 2-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացել է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացրել է 16 հրաձիգ, որոնք նվաճել են 3 մեդալ՝ 1 անհատական, 2 թիմային:

Երիտասարդ տղաների վազող թիրախ, խառը վազք անհատական առաջնությունում 17-ամյա Գոռ Խաչատրյանը համառ պայքարում դարձել է ոսկե մեդալակիր: Խաչատրյանը 382 միավորով առաջին տեղը կիսել է ուկրաինացի Դենիս Բաբլյուկի հետ: Նման դեպքերում առաջին մրցանակին արժանանում է առավելագույնս շատ կենտրոնական 10 նշանակետը խոցած հրաձիգը, բայց մարզիկները 40 կրակոցում կրակել էին հավասար քանակով կենտրոնական 10: Լավագույնին որոշելու համար մարզիկները կատարել են լրացուցիչ 2 կրակոց. Գոռ Խաչատրյանը չի զիջել դիրքը և ոչ միայն դարձել է Եվրոպայի չեմպիոն, այլև լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշը:

Լիլիթ Մկրտչյան, Գոհար Հարությունյան, Արուսյակ Գրիգորյան եռյակը վազող թիրախ նորմալ վազք և խառը վազք վարժություններում արժանացել է բրոնզե մեդալների:

Նշենք նաև, որ վազող թիրախ, նորմալ վազք կանանց անհատական պայքարում 16-ամյա Գոհար Հարությունյանը 549 միավորով գրավել է 7-րդ հորիզոնականը: Հարությունյանի այս ցուցանիշը պաշտոնապես հաստատվել է որպես Եվրոպայի ռեկորդ՝ մինչև 21 տարեկան հրաձիգների պայքարում:

Հավելենք՝ Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: